ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտի 25-ից լրագրողների կողմից նախաձեռնված ստորագրահավաքը իր արդյունքն է տվել։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել էին ԱԺ աշխատակազմին Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ArmLur.am-ի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց, որ Աշխատակազմը դրական եզրակացություն է տվել և անհրաժեշտություն է համարել, որ պետք է ստեղծվի հանձաժողովը և երկու ընդդիմադիրների նախաձեռնությունը քիչ հետո կուղարկվի ԱԺ նախագահին, և հարցը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա լիագումար նիստի օրակարգ։ Մինասյանը նշեց, որ հարցի հիմնական զեկուցող կնշանակվի ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի հետ վերջին միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել է չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի մասին: Անդրանիկ Քոչարյանը հետո նաև հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, իսկ հաջորդ օրը իր գլխավորած հանձնաժողովի նիստում հավելել, որ իր ասածի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, և որ ինքը պարզապես հղում է արել Բագրատ սրբազան Գալստանյանին:
«Ընդամենը ես արձանագրել եմ, որ պետք է խոսքը օգտագործելուց լինի մաքուր», – ասել էր իշխանական պատգամավորը: