Աննա Հակոբյանն արդեն խոսում է ոչ թե պարզապես խցանումներից, այլ իր կողակցից։ Գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։
«Շատերը սա կընկալեն որպես հարված Տիգրան Ավինյանին կամ քաղաքային կառավարմանը, բայց իրական ասելիքը թաքնված է բոլորովին այլ տեղում։
Տիկին Աննան ասում է, որ գիտի՝ կոնկրետ որ օրվանից է որևէ խնդրի մասին բարձրաձայնելը դարձել վախենալու։
Այսինքն՝ որքան էլ իշխանությունն իր առաջնորդի գլխավորությամբ և ողջ իրավապահ համակարգի աջակցությամբ փորձի համոզել հանրությանը, թե Հայաստանում ժողովրդավարություն է, ազատ խոսքը պաշտպանված է, և որևէ մեկը ճնշումների չի ենթարկվում, սեփական ընտանիքի ներսից հնչում է մի խոստովանություն, որը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում։
Փաստորեն, տիկին Աննան ինքն է արձանագրում, որ Հայաստանում ձևավորվել է մի մթնոլորտ, որտեղ նույնիսկ իշխանության ներսում մարդիկ վախենում են բարձրաձայնել խնդիրների մասին։ Ավելին՝ նա հայտարարում է, որ գիտի այդ վախի առաջացման կոնկրետ ժամանակահատվածը։
Սա արդեն պարզապես քաղաքական հայտարարություն չէ։ Սա առնվազն լուրջ հարցեր առաջացնող հրապարակային պնդում է, որը պետք է դառնա իրավապահ մարմինների ուշադրության առարկա։ Եթե խոսքը ազատ խոսքի նկատմամբ ճնշումների և վախի մթնոլորտի մասին է, ապա Գլխավոր դատախազը պարտավոր է դրան իրավական գնահատական տալ և ստուգել այդ հայտարարության հիմքերը։
Բայց, իհարկե, մենք դրա ականատեսը չենք դառնա։ Որովհետև սա, ամենայն հավանականությամբ, հերթական մելոդրամատիկ թատրոնն է՝ հանրության ուշադրությունը երկրի իրական ու առաջնային խնդիրներից շեղելու համար։
Իսկ ամենամեծ աբսուրդն այն է, որ ժողովրդավարության մասին ամենաբարձր գոռացող իշխանության ներսում արդեն ստիպված են խոսել վախի մթնոլորտի մասին»։

