Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը խստիվ դատապարտում է հայ հոգեւորականների շարունակվող ձերբակալությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտել էր հոգևորականներիի ձերբակալությունը եւ նույնիսկ միջնորդների միջոցով առաջարկել էր դադարեցնել այս ոչ ընդունելի երեւույթը։
Նորին Սրբությունը այժմ հովվապետական այցելության մեջ լինելով եւ մոտիկից իմանալով շարունակվող ձերբակալությունները, դարձյալ դատապարտում է այս անընդունելի երեւույթը։
Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը պարտականություն է տվել այժմ մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանին, որ իր մտահոգությունն ու դատապարտումը փոխանցի քաղաքական ու պետական պատասխանատուներին եւ նույնիսկ վարչապետին։
Վեհափառ Հայրապետի մոտեցումն այն է, որ կարելի փութով պետություն֊եկեղեցի ներկա վատառողջ վիճակը պետք է վերջ գտնի, եւ մեր ազգի ու Հայրենիքի գերագույն շահերը պահանջում են, որ մեր ազգի երկու կարեւոր սյուների՝ պետության ու եկեղեցու հարաբերությունը սերտ ու ամուր լինեն»։