Հայաստանում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար նախատեսված տուգանքը կրկնապատկվել է, տեղեկացնում է ՆԳՆ-ն։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությամբ` օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարող անձինք 25․000 դրամի կփոխարեն կտուգանվեն 50․000 դրամով։ Ավելին, նույն խախտումը կրկին կատարելը քրեական պատասխանատվության կբերի։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1–ից էլ վարորդական վկայականի պլաստիկ քարտն իրենց մոտ չունեցող վարորդները չեն տուգանվի։ Ընթացիկ տարվա հուլիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին օրենսդրական այն փոփոխությունները, որոնցով ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականը կլինի ոչ միայն պլաստիկ քարտի, այլև թվային տարբերակով։
Նշենք, որ իրավախախտը առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար կարող է պատժվել հասարակական աշխատանքներով՝ 80-ից մինչև 150 ժամ, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով:
ՆԳՆ պետի տեղակալ Արմեն Մկրտչյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2024 թվականին գրանցվել է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 56 հազար դեպք, իսկ 2023 թվականին՝ 38 հազար։