«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի տոնի առիթով քաղաքի մուտքն ու կենտրոնական փողոցը ձևավորել է դրոշի գույնի կտորներով։ Մեխակյանը, թերևս, զերծ է մնացել Էջմիածնի դրոշն իր ամբողջական տեսքով ու բովանդակությամբ ներկայացնելուց՝ մտավախություն ունենալով, որ Նիկոլ Փաշինյանին դա դուր չի գա։
Իսկ դրոշի վրա Էջմիածնի զինանշանն է՝ ավելի քան 2000-ամյա պատմությամբ, անցած ճանապարհով ու քրիստոնեական խորհրդանիշներով։ Զինանշանի երջանկահիշատակ հեղինակն այն ստեղծելիս հիմնվել է աթոռանիստ քաղաքի հոգևոր ու պատմական իրադարձությունների վրա։
Բերդապարիսպը ներկայացրել է որպես հայ ազգի քրիստոնեական հավատքի նկատմամբ նվիրվածության և օտար կրոնական պարտադրանքներին չենթարկվելու, իսկ խաչերը՝ քրիստոնեության խորհրդանիշներ։ Զինանշանի կենտրոնում «Էջմիածին», «Էություն» իմաստն արտահայտող «Է» տառն է՝ շրջապատված չորս քերովբեներով՝ հրեշտակներով։
Միակ բանը, որ համայնքի ղեկավարությունը պահպանել է դրոշից՝ մանուշակագույնն ու դեղինն են, որոնցով փորձել է տավորություն ստեղծել, թե հարգում են հոգևոր քաղաքի պատմությունն ու բնակիչներին։ Էջմիածնի դրոշն առաջին անգամ քաղաքի գլխին ծածանվել է 2007 թվականին, և այդ ժամանակից ի վեր` գրեթե ամեն տարի պետական տոների և Էջմիածնի տարեդարձի առիթներով ՀՀ և Արցախի հանրապետության դրոշների հետ կողք-կողքի քաղաքի կենտրոնական թաղամասերում փողփողացել է նաև Էջմիածնի դրոշը։
Հնամենի քաղաքն իր տարեդարձը երբեք այսքան անշուք ու խղճուկ չի դիմավորել, ինչքան այսօր։ Էջմիածնի տոնը նշվում է այսօր` հոկտեմբերի 8-ին»։