Արտահանման մասով ճանապարհը բաց է, ոչ մի հերթ չկա, հերթերը վերադառնալիս են, այսինքն՝ երբ մեր մեքենաները գնում են, դատարկում են իրենց բեռը, հետ են գալիս: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե եղե՞լ են դեպքեր, երբ արգելվել է հայկական կոնյակ արտադրողների ապրանքների արտահանումը Մոսկվա, ինչպես նաև անդրադառնալով Լարսում կուտակումներին:
«Զբոսաշրջային մեծ հոսքեր ունեն իրենք Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան, գուցե նաև Թուրքիա՝ չեմ կարող ասել: Այդ պատճառով, բնականաբար, այդ ճանապարհին միայն բեռնատարներ չեն, բազմաթիվ մարդատար մեքենաներ կան, ավտոբուսներ կան, որի հետևանքով, այո՛, հերթեր կան: Բայց ինձ փոխանցվող տեղեկության համաձայն՝ ամեն հաջորդ օր հերթն ավելի կարճ է, ավելի քիչ է, քան նախորդ օրը»,- ասաց նախարարը: