Տարածաշրջանում խաղաղության հաստատմանը խոչընդոտում են արտաքին ուժերը. այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ հանդես գալով օգոստոսի վերջին պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին մամուլի ասուլիսով, գրում է tasnimnews.com-ը:
«Հենց արտաքին ուժերն են խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը` ստեղծելով տնտեսական, մշակութային և էթնիկ հակամարտություններ», – ասել է Փեզեշքիանը:
Նա հավելել է, որ Իրանն իր հարևան երկրների հետ կստեղծի «ընդհանուր տեսակետներ և լեզու»՝ խաղաղ և հանգիստ տարածաշրջան ունենալու համար։
Այս համատեքստում Փեզեշքիանն ընդգծել է Իրանի ուժեղ մնալու անհրաժեշտությունը՝ ասելով. «Մեզ պաշտպանական ուժ է պետք մեր ժողովրդի և երկրի անվտանգությունը պահպանելու համար»:
Նա ասել է, որ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ միջև համագործակցությունն ամրապնդող միջանցքների շնորհիվ հնարավոր է բարելավել Մետաքսի ճանապարհով Իրանի և Չինաստանի մուտքը համապատասխան շուկաներ։
Իրանի նախագահը Չինաստանը բնութագրել է որպես «ռազմավարական» գործընկեր և խոստացել զարգացնել կապերը երկու երկրների միջև։
Նա վերահաստատել է Թեհրանի՝ պատերազմներին և լարվածությանը դեմ լինելու դիրքորոշումը, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իրանը վճռական է պաշտպանելու իրեն ագրեսիայից:
«Մենք որևէ մեկի հետ հակամարտության մեջ չենք», – հայտարարել է Իրանի նախագահը։
Նա ասել է, որ իր վարչակազմը կբանակցի Արևմուտքի հետ վիճելի հարցերի շուրջ և կզարգացնի հարաբերությունները հարևան երկրների հետ՝ տնտեսությունը բարելավելու և երկարաժամկետ նպատակներին հասնելու համար։
Այնուամենայնիվ, նա հավելել է, որ Միացյալ Նահանգները նախ պետք է ապացուցի, որ պատրաստ է բարեխղճորեն բանակցել և հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին: Իրանի նախագահը նշել է, որ մինչ այժմ ամերիկացիները «փակել են բոլոր ճանապարհները մեզ համար»։