Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը․
«Սիրելի հայրենակիցներ,
սեպտեմբերի 2-ը սովորական օր չէ, այն մեր ժողովրդի պայքարն ու հաղթանակը խորհրդանշող օրերից է, օր, երբ ծնունդ առավ հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը։
Այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միասնաբար ստիպում են մեզ փակել Արցախի էջը, լուռ ընդունել մեր նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը և հրաժարվել արժանապատվությունից ու մեր բոլոր իրավունքներից։
Սակայն, ճշմարտությունը մեկն է. Արցախի էջը փակված չէ, մեր ժողովուրդն ունի իրավունքներ, որոնց համար պայքարը ոչ թե վտանգում է Հայաստանի Հանրապետությունը, այլ պաշտպանում է այն։
Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների արդյունքում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով հարյուր հազարավոր արցախահայեր այսօր տնազուրկ են, բայց նրանց սրտերում ապրում է միևնույն երազանքը՝ վերադառնալ տուն, ապրել իրենց հողի վրա, ապրեցնել ազգային ժառանգությունը։
Ու այս պայքարը միայն արցախահայության պայքարը չէ: Դա մեր ժողովրդի պայքարն է, սա նաև Հայաստանը պաշտպանելու պայքարն է, սա ամեն հայ մարդու պայքարն է։
Եվ, անկախ տարբեր հարցերում մեր ունեցած տարաձայնություններից, այս հարցում մենք պետք է լինենք միասնական և տեր կանգնենք մեր իրավունքներին։
Ուստի, սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում կկազմակերպվի միասնության մեծ հավաք, որտեղ մենք բոլորով կհայտարարենք` Արցախյան հակամարտությունը լուծված չէ, մենք չենք ընդունում ուժի կիրառմամբ և ուժ կիրառելու սպառնալիքով մեր անունից ստորագրված պայմանավորվածությունները, որոնք ոտնահարում են մեր բոլոր իրավունքները, մենք պահանջում ենք Բաքվում պահվող հայ գերնիների վերադարձ։
Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք ուրանում, չենք մոռանում և շարունակում ենք մեր պայքարը:
Սեպտեմբերի 2-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում միասին՝ հանուն մեր իրավունքների, հանուն Արցախի վերադարձի, հանուն մեր ազգային արժանապատվության, հանուն Հայաստանի Հանրապետության»։
