Արցախում սպառվում էին Հայաստանյան ծագման որոշ ապրանքներ, Հայաստանն էլ սպառում էր Արցախում ծագած որոշ ապրանքներ, Արցախի կորստով տնտեսական կորուստն ի՞նչ չափ է կազմում։
Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր կառավարության խոստացած 7 տոկոս տնտեսական աճին:
«Դուք 21 թվականից այս կողմ 7% արժեք չեք ապահովել, ասում եք՝ չեք ապահովելու նաև 25 թվականին, այսինքն ձեր տնտեսական քաղաքականությունն այս պահի դրությամբ ձախողված է։ Կխնդրեի ՀՆԱ-ով ասեք այս կորուստները»,- ասաց պատգամավորը:
Վերջինս նաև հավելեց, որ ավելի բարենպաստ, քան ԵԱՏՄ-ի ստեղծած հնարավորությունները զուգավորված Ռուսաստանի դեմ տնտեսական սանկցիաներով դժվար է պատկերացնել։ «Այսինքն ձախողել եք այդ ամենը ինչը։ Հիմա ձախողման պատճառը ո՞րն է»,- հետաքրքրվեց նա:
Հովհաննիսյանն էլ նշեց, որ իրենք ոչ թե ձախողել ենք, այլ հաջողել են: «Այն իրավիճակը, որը կար, մենք ստեղծել ենք միջավայր, որտեղ դրանից առավելագույնս կարողացել ենք շահույթ քաղել։ Ես կարծում եմ, որ հաջողությունը հենց դրանում է կայանում: եթե նայեք, օրինակ, տարբեր երկրներ, որոնք օգտվել են այդ հնարավորություններից, Հայաստանն ամենաշատ օգտված պետությունն է։ Հետևաբար, կարելի է ասել, որ հաջողել ենք այդ գործողություններում, որովհետև ստեղծել ենք ճիշտ միջավայր, տնտեսական աճ և ակտիվություն ունենալու համար»,- հակադարձեց նախարարը:
Ինչ վերաբերում է կառավարության խոստացած 7% աճին, Հովհաննիսյանը նշեց, որ իրենք խոստացել էին, որ միջինում 7% աճ կունենանք և այդ միջին ցուցանիշը կհաշվեն, երբ որ կառավարության ծրագիրն ավարտվի: Ըստ նախարարի, եթե հիմա հաշվեն, ապա դա ավելին է քան 7%-ը:
«Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղից ապրանքների ներմուծման և արտահանման փոփոխության հետ կապված ազդեցությանը, մենք նման վերլուծություն չունենք։ Համենայնդեպս, ես դրա մասին տեղյակ չեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել, թե ինչպիսի ազդեցություն է դա ունեցել, բայց կարող եմ ասել, որ քանի որ 23 թվականին էլ, ըստ էության, բլոկադայի մեջ էր գտնվում Լեռնային Ղարաբաղը և այնտեղից ոչ մի ապրանք, ո՛չ ներմուծվում, ո՛չ արտահանվում էր, ապա 24 թվականին ցուցանիշները 23-ի հետ հնարավոր չէ համեմատել»,- շեշտեց նա: