«Հրապարակ» թերթը գրում է. «2019-ից Արցախում գործել է կենսաթոշակների կուտակային համակարգը: Հայաստան տեղափոխվելուց հետո արցախցիները պահանջում էին իրենց վերադարձնել 5 տարվա ընթացքում կուտակած գումարները, քանի որ քչերն են շարունակելու կուտակումներ անել։ 2024 թ. հունվարի 16-ին Արցախի ԱԺ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարեց լրացում, որ, արտակարգ հանգամանքներում, ֆոնդում առկա գումարը տնօրինում է անհատը՝ իր ցանկությամբ:
«Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում… մասնակցի համար կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են, և ձևավորված միջոցները մասնակցի ցանկությամբ փոխանցվում են նրա այլ՝ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ փոխանցվում բանկային հաշվին»,- նշված է փոփոխված դրույթում: Սակայն ՀՀ կառավարությունը համարեց, որ պետք է յուրացվեն այդ գումարները, փոշիացվեն, բայց չվերադարձվեն արցախցիներին, և 2024 թ. հունիսի 13-ին ՀՀ ԱԺ-ն օրենքում կատարած փոփոխությամբ արցախցիների կուտակային ֆոնդը տեղափոխեց ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ։
Մեր տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները դիմել են հայաստանյան ընդդիմությանը` օրենքի փոփոխությունը ՍԴ-ում վիճարկելու խնդրով։ Այժմ հայցադիմումի վրա են աշխատում: ՍԴ-ից պահանջելու են Սահմանադրությանը հակասող ճանաչել ՀՀ ԱԺ ընդունած օրենքը՝ այն հիմնավորմամբ, որ Արցախի կուտակային ֆոնդերը ՀՀ տարածքում չեն գործել, իսկ ՀՀ օրենքը տարածվում է միայն ՀՀ տարածքում ստացված եկամուտների վրա»։