Պետությունները կարող են կառուցվել ուժով, բայց աշխարհը կարող է պահպանվել միայն խղճով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը։
«Աշխարհը կարծես կորցրել է իր բարոյական կողմնացույցը։ Երբ հողը արյուն է շնչում, իսկ մարդկային կյանքը չափվում է շահերով, պարզ է դառնում, որ մարդասիրությունը աստիճանաբար զիջել է իր տեղը ուժին ու փողին։ Այսօր հաճախ ոչ թե խիղճն ու ճշմարտությունն են առաջնորդում որոշումները, այլ հաշվարկն ու շահը։ Այդ ճանապարհը վտանգավոր է ոչ միայն պետությունների, այլ ամբողջ մարդկության համար։
Եթե ժամանակին չսթափվենք և չվերադառնանք արժեքներին՝ մարդկությանը, պատասխանատվությանը և բարոյականությանը, ապա առաջընթացի անվան տակ կարող ենք կորցնել ամենակարևորը՝ մարդ լինելու կարողությունը։ Պետությունները կարող են կառուցվել ուժով, բայց աշխարհը կարող է պահպանվել միայն խղճով»,-գրել է նա։

















