Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ՝ «Արժանապատիվ աշխատանք» խորագրով ավանդական երթ անցկացրեց Երևանում։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ապաքաղաքական այս երթի նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել աշխատանքային պայմանների բարելավմանն առնչվող հարցերն ու խնդիրները։
Ըստ կոնֆեդերացիայի նախագահի՝ 655 բողոք են ստացել աշխատանքի իրավունքների հետ կապված։ Գերիշխել են սխալ կիրառված աշխատանքային պայմանագրերի մասին բողոքները։
Մանասերյանը հաստատեց՝ խնդիրը ոչ միայն գործատուի մեջ է, այլ նաև աշխատողի, որը պետք է իրազեկ լինի իր իրավունքներից։
Երթը մեկնարկեց «Աբովյան» պուրակից։ Երթից հետո Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գրասենյակում նախատեսվում է «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության շնորհանդեսը։