ԲՐՅՈՒՍԵԼ ԳՆԱՑՈՂ ԼԻՆԻ, ԱՍԵ՛Ք՝ ԲԱՆՏԱԽՑԻՑ ՄԻ ԿԻԼՈ ԼՈԼԻԿ ՈՒՂԱՐԿԵՄ ՄԱՐԹԱ ԿՈՍԻՆ. ԱՍԵ՛Ք, ԹՈՂ ՉԻՐ ՍԱՐՔԻ. ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ԳՐԱՌՈՒՄ Է ԱՐԵԼ․
«Մինչ հոդվածիս բուն բովանդակությանն անցնելը իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին և քաղհալածյալներին:
Նախորդ անգամ գրում էի, որ Փաշինյանը միայն առաջին հայացքից է «քաոտիկ» հռետոր: Իրականում նրա հանրային խոսքը բրոունյան շարժում չէ, այլ հստակ հռետորաբանություն՝ կատարելագործված սոփեստություն:
Հին հույները, որոնք իրենց մաշկի վրա են զգացել սոփեստների ողջ քայքայիչ ազդեցությունը, մշակել էին որոշակի մեթոդաբանություն, թե ինչպես պետք է պայքարել հանրային խոսքի նման դրսևորումների դեմ:
Դասական հռետորաբանությունը փաստում է, որ գործչի խոսքի ազդեցությունը 3 հիմնական աղբյուր ունի՝ լոգոս (խոսքի տրամաբանականությունը), էթոս (ելույթ ունեցողի հեղինակությունը) և պաթոս (հղում՝ էմոցիաներին):
Եթե վերլուծենք Փաշինյանի խոսքն այս կտրվածքով, ապա կունենանք հետևյալ պատկերը՝ Նիկոլի խոսքի լոգոսը խոցելի է և թույլ (սա գիտակցված ընտրություն է սոփեստների համար,- Ա.Ա.), իր էթոսը՝ հեղինակությունը, սահմանափակվում է իր աջակիցների շրջանակով՝ գումարած ի պաշտոնե վարչապետական բոնուսը: Այնինչ պաթոսի՝ զգացմունքների առումով նա իր ոճի վարպետն է:
Առհասարակ սոփեստները խելացի և գրավիչ կերպարներ էին: Նրանցից վճարովի դասեր են վերցրել, օրինակ՝ Պերիկլեսը և Սոկրատեսը: Իսկ վերջինիս բրենդային՝ հարցուպատասխանային ոճը նա ամբողջությամբ ընդօրինակել է Աթենքի հռչակավոր սոփեստներից:
Փաշինյանի ուժեղ կողմերից մեկը նաև բացասական էմոցիաների ստեղծումն ու շահարկումն է քաղաքական նպատակներով: Եվ սա նույնպես գիտահեն է. պարզվում է, որ գլխուղեղում հաճույքի կենտրոններն ակտիվանում են բացասական էմոցիաներից, ինչպես պնդում են որոշ գիտնականներ. նման մարդիկ նեգատիվ սպառող «թմրամոլներ» են:
Երկրի ներսում վախի մթնոլորտը, պատերազմով սպառնալը որոշակի արդյունավետությամբ օգտագործվող հնարքներ են:
Հարկ է շեշտել մեկ այլ փիլիսոփայական եզրահանգում ևս: Ըստ Պլատոնի՝ մարդիկ հիմնականում գտնվում են անգիտության քարանձավի մեջ, որը նրանց հասանելի և ծանոթ միակ իրականությունն է: Սովորական դարձած այս «բանտարկությունը» մեծամասնության համար գերադասելի է ազատության վախեցնող անհայտությունից: Նման դեպքերում շատերը գերադասում են ծանոթ սուտն անծանոթ ճշմարտությունից՝ նախընտրելով հարմարավետությունն ու կաղապարը, անգամ, եթե դա մահացու է (Պլատոն):
Ամփոփելով այս ամենը՝ ի՞նչ խորհուրդ կտային հին հույները մեզ:
- Չպարտվել Նիկոլին պաթոսով և հաղթել լոգոսով և էթոսով:
- Չընկնել նրա սոփեստական թակարդները, չխաղալ նրա կանոններով:
- Նիկոլն ատում է փաստերը, որոնք փորձում է ոչնչացնել հերքումներով: Ուստի, պարտադիր կանոն է՝ հերքել նրա պնդումները (!):
- Հանրային խոսքում չմոռանալ մեծամասնությանը սոսնձող արժեքների մասին:
- Տալ տեսլականներ, խոշոր վրձնահարվածներով պատկերել այլընտրանքային ապագան:
- Երբեք չլինել անազնիվ հասարակության հանդեպ: Անազնվությունը գոլային փոխանցում է սոփեստներին (!):
- Ամեն անգամ ընտրել ճիշտ պահը և ձևը Փաշինյանին հակադարձելու համար (հույները դա կոչում էին «կայրոս»,-Ա.Ա.):
- Հիշել, որ «էքսպրոմտ» խոսքը շատ ավելի ազդեցիկ է և թիրախային, քան «օֆիցիոզը»:
Անշուշտ, այս ցանկն ավարտուն չէ, իսկ շատ բան կախված է նաև ընդդիմությունը ներկայացնող անձերից: Սակայն հաշվի առնելով, որ ընդդիմությունը մանդատները վերցնելու և Խորհրդարան գնալու կանխատեսելի որոշում է կայացրել, հուսամ, որ իմ մտորումները կարող են օգտակար լինել ընդդիմադիր պատգամավորներին:
(Շարունակելի…):
Հ.Գ. Եթե մոտ օրերս Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին: Ասե՛ք, թող չիր սարքի. ավելի սազական է ներկայիս «հայկական ժողովրդավարությանը»»:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Վարդաշեն» ՔԿՀ
08.07.2026թ.
