Իրանը վստահեցնում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականություն դառնալ։ Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անվանումներով, այդ թվում ` այսպես կոչված «միջանցքի» մասին, իրականություն չեն դառնա»,- ասել է դեսպանը՝ ևս մեկ անգամ հաստատել է, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, ազգային ինքնիշխանությանը և անկախությանը, ու հավելել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը իրենց համար «կարմիր գիծ» է։
Լրագրողների հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերում նրան, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը հնարավոր է հանձնվի մասնավոր պահնորդական ընկերությանը, Սոբհանին պատասխանել է՝ Իրանը դեմ է, որ այդ ճանապարհի վերահսկողությունը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ։
«Մենք կողմ ենք, որ այն, ինչ կատարվում է, լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Ցանկացած վերահսկողություն պետք է լինի ՀՀ-ի կողմից, և մենք կողմ չենք, որ այլ երկրներից գան այստեղ ու փորձեն ինչ-որ անվտանգություն և վերահսկողություն սահմանեն»,- նշել է նա։
Սոբհանին նաև նշել է, որ լսել է մասնավոր ընկերության մասին, բայց իր տեղեկություններով՝ խոսքը անվտանգության ապահովման մասին չէ, այլ այն մասին, որ որևէ առևտրային ընկերության ներկայացուցիչ իր բեռը փոխադրելիս կարող է ներկա լինել այդ ճանապարհին, մինչդեռ դեսպանի տեղեկություններով` ճանապարհի անվտանգությունն ու վերհասկողությունը լինելու է ՀՀ կառավարության կողմից։