ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե երկիրը չի նախատեսում վերադառնալ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Ադրբեջանի և Ռուսաստանի հետ փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ ձևաչափին:
«Ուզում եմ հիշեցնել, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի մշակումը վստահվել է փոխվարչապետներին, Հայաստանում այդ հարցով զբաղվում է ոչ թե ձեր նշած պետական գործիչը, այլ մեկ ուրիշը, ուստի, հավանաբար, պետք է կապ հաստատել Երևանի հետ՝ ճշտելու արդյոք նրանք (ԱԺ նախագահը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը-Խմբ.) տեղերով փոխվե՞լ են այս գործի իրականացման առումով։ Եթե չեն փոխվել, ապա հավանաբար պետք է կապվեք այս հարցում պատասխանատու անձի հետ: Գիտեք, ես չեմ էլ ուզում մեկնաբանել կոնկրետ այս անձի հայտարարություն, հենց այն պատճառով, որ դա նրա իրավասությունը չէ՝ ելնելով ոչ թե մեր գնահատականից, այլ Հայաստանի ղեկավարության գնահատականից ու ցուցումներից», -ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը համոզված է, որ նշված ձևաչափով լիարժեք փոխգործակցության արագ վերականգնումը կարևոր գործոն կդառնա ամբողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար։ Միաժամանակ Զախարովան նշել է, որ «արևմտյան երկրների կործանարար ազդեցությունը» խոչընդոտում է երեք երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը։
«Մենք տեսնում ենք արևմտյան երկրների կործանարար ազդեցությունը և տեսնում ենք նաև, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները երբեմն, երբեմն հաճախ հարցեր են առաջացնում մեզ մոտ», – ասել է Զախարովան։