Երևանի ավագանու որոշմամբ այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի։
Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը նշեց, որ նոր մեթոդաբանությունը չի ներմուծում նոր սկզբունքներ, այլ արդիականացնում է գործող համակարգը։ Վճարները հաշվարկվում են բնակարանի մակերեսի հիման վրա՝ ապահովելով աղբահանության վճարների ավելի արդարացի բաշխում։
Սահմանվում է, որ աղբահանության վճարը կլինի 1մ2 համար 13 դրամ.
Ըստ նրա՝
- մեկ սենյականոց բնակարանի դեպքում քաղաքացիները 400 դրամի փոխարեն միջինը կվճարեն 455 դրամ,
- երկու սենյականոց բնակարանի դեպքում 600 դրամի փոխարեն՝ միջինը 689 դրամ,
- երեք սենյականոց բնակարանի դեպքում 900 դրամի փոխարեն՝ միջինը 975 դրամ,
- չորս և ավել սենյականոց բնակարանի դեպքում 1200 դրամի փոխարեն՝ միջինը 1287 դրամ։
- Անհատական բնակելի տների դեպքում աճը միջինում կազմում է 180 դրամ մեկ տան հաշվով։
Դավիթ Հակոբյանը նաև նշեց, որ նոր համակարգը հաշվի է առնում բնակարանում ապրող մարդկանց թիվը։ Օրինակ՝ 50 մ2 բնակարանում, որտեղ ապրում է հինգ մարդ, վճարն ավելի քիչ կլինի։ Ընդհանուր առմամբ, բնակարանների համար վճարի միջին աճը կազմում է 80 դրամ։