Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վարկային պարտավորություն ունեցող անձանց մի խմբի համար նախաձեռնված ծրագիրը նախընտրական կաշառք է բնորոշել և տնտեսագիտորեն հիմնավորել ծրագրի ոչ նպատակահարմարությունը։
«Ամեն օր արթնանում ենք ու կարդում փաշինյանական հերթական անհեթեթ որոշումները։ Այս անգամ նա որոշել է մինչև 1 մլն վարկերը փակել …. բյուջեի հաշվին։ Լսեք, բյուջեն բոլորինս է` հանրությանը. ձեզ ո՞վ է իրավունք տվել վերցնել մի հատուկ սոցիալական խավ (մինչև 1 մլն դրամը հիմնականում իշխանությանը մոտ կանգնած մարդկանց խավն է) և հանրային միջոցները ծախսել դրանց բարեկեցության վրա։ Սա տնտեսական որոշում չէ, սա «մերոնքականներին» (իմա՝ ՔՊ-ական հակում ունեցողներին) կաշառելու ձև է։ Սա նախընտրական կաշառք է՝ իր բոլոր հետևանքներով։ Վարկերի ավելի քան 95%-ը, համաձայն ԿԲ-ի, վերադարձվում են։ Էլ ի՞նչ կարիք կա դրանք վերադարձելիությունը դարձնել ավելի քան 100%։ Քի՞չ է, երբ բանկերն այս երկրում առանց այդ էլ գերշահութաբեր են, քաղցկեղի նման չեն թողնում, որ իրենցից բացի՝ ուրիշ բան զարգանա։ Ուրեմն ի՞նչ. բանկերին հերթական բյուջետային խաչաձև սուբսիդիայի հե՞տ գործ ունենք։ Սա ի՞նչ տրամաբանություն է։ Բյուջեում փող ունե՞ք՝ ամրապնդեք երկրի անվտանգությունը, պաշպանությունը, բարձրացրեք կենսաթոշակներն ու պետական աշխատավարձերը, ֆինանսավորեք կրթությունն ու առողջապահությունը։ Ի՞չ վարկերի սուբսիդավորում, ի՞նչ հիպոթեք՝ բյուջեի հաշվին, ի՞նչ կուտակային կենսաթոշակ՝ 40 տարով»,- սոցցանցի իր էջում գրել է Բագրատյանը։