Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է` նրան տեղափոխել են բուժհաստատություն: Այս մասին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հիշեցնեմ, որ ավելի վաղ էլ հավաստի տեղեկություններ ստացվեցին, որ առողջական բավականին վատ վիճակում է նաև Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքչյանը: Ադրբեջանում ապօրինի դատավարությունից և հայերին պատանդի կարգավիճակով պահելուց բացի վերջիններս նաև կտտանքների են ենթարկվում` նվազագույնը անհրաժեշտ, հրատապ բուժօգնություն չցուցաբերելու և պատշաճ պայմաններում չպահելու առումով»,- գրել է Աբրահամյանը:

















