Հռոմի Ֆրանցիսկոս պապը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով, Գազայից և Իսրայելից դեպի այլ երկրներ հակամարտության տարածվելու վտանգով։ Տարածքում տեղի ունեցած ամենավերջին իրադարձություններից հետո նա հույս է հայտնել, որ այս հակամարտությունը, որն «արդեն առանձնապես կատաղի և արյունալի է», ավելի չընդլայնվի. գրում է vaticannews.va կայքը:
Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ Ֆրանցիսկոս պապն աղոթել է բոլոր զոհերի, հատկապես անմեղ երեխաների, Պաղեստինի, Իսրայելի և Լիբանանի ժողովրդի համար՝ առանձնահատուկ կարեկցանք հայտնելով Իսրայելում բնակվող դրուզ համայնքին, որի 12 ներկայացուցիչ զոհվել էր անցյալ շաբաթ Լիբանանից արձակված հրթիռից:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նաև կոչ է արել «քաջություն ունենալ երկխոսությունը վերսկսելու համար, որպեսզի մարտերն անմիջապես դադարեցվեն Գազայում և բոլոր ճակատներում, և պատանդներն ազատվեն»:
«Ռմբակոծությունները, սպանությունները և բռնությունները ոչ մի նպատակի չեն ծառայում: Հարձակումները, սպանությունները երբեք լուծում չեն կարող լինել: Դրանք ոչ թե օգնում են գնալ արդարության, խաղաղության ճանապարհով, այլ ավելի մեծ ատելություն և վրեժխնդրություն են առաջացնում։ Բավակա՛ն է, եղբայրնե՛ր և քույրե՛ր: Բավակա՛ն է, մի՛ խեղդեք Աստծո խոսքը, բայց թող դա լինի Սուրբ Երկրի, Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի ապագան»,-ասել է նա: