Այն ինչ հիմա կատարվում է բուհերում՝ աննախադեպ է՝ թե՛ իր ծավալներով, թե՛ դրսևումների ցինիզմով, կոպտությամբ. մի խումբ դասախոսների կողմից հրավիրված ասուլիսին հայտարարեց Մենուա Սողոմոնյանը, ով պնդեց, որ ԵՊՀ-ից հեռացվել են քաղաքական պատճառներով։
Նա նշեց, որ բոլոր ժամանակներում էլ իրենց հանրային և քաղաքական հայացքների համար ազատվել են դասախոսներ, բայց այն կադրային ջարդը, և կրթական ծրագրային խնդիրները, որ հիմա են դրսևորում, երբեք ոչ մի անգամ չի եղել։ «Մարդուց ազատվելու համար կրթական ծրագիր է փակվում ամբողջությամբ, առանց մոնիթորինգ իրականացնելու։ Մարդուց ազատվելու համար ամբիոն է փակվում, ինչպես Բրյուսովում էր։ Մարդուց ազատվելու համար անգամ շինծու գործեր են հարուցում, կալանքի տանում, միայն նրա համար, որ այդ մարդը քաղաքական հայացքներ ունի և վտանգ է ներկայացնում գործող իշխանության համար»,-ասաց նա։
Մենուա Սողոմոնյանը ասաց, որ ասուլիսի հրավիրելու հիմնական նպատակն է՝ պատասխան տան հանրությանը, մարդկանց՝ իրենց կյանքի գլխավոր առաքելությունից զրկելու իրական դրդապատճառներից զրկելու մասին։
«Հիմնական պահանջն է, որ բոլոր այն ֆակուլտետները և ամբիոնները, որտեղ տեղի են ունեցել այս ապօրինությունները, պարզաբանում տան մեզ աշխատանքից հանելու, կամ ուսումնական բեռնվածությունները էապես կրճատելու մասին։ Եվ նաև մեզ հետ քննարկեն, մեզ՝ դասախոսներին պատշաճ բեռնվածությամբ ապահովելու հարցը»,-ասաց նա։
Նա ասաց, որ պայմանավորվել են հետևողական պայքար իրականացնել։