«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 29-30-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում միջազգային կոնֆերանս է տեղի ունեցել` International Conference on National Identity in a Time of Crisis անվանումով (Ազգային ինքնությունը՝ ճգնաժամի ժամանակ), որին ներկա են գտնվել Հայաստանից եւ արտերկրից գիտնականներ։ Ելույթ են ունեցել՝ Օքսֆորդի համալսարանի դասախոս Դավիդ Միլլերը, Ուփսալայի համալսարանից Ջինա Գուստավսոնը, մշակութաբան Աղասի Թադեւոսյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը եւ ուրիշներ:
Մեզ պատմեցին, որ հունիսի 29-ի նիստն առավոտից բնականոն հունով ընթացել է մինչեւ այն պահը, երբ հայտարարվել է, որ բանախոսելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը` «Ինքնությունը՝ ճգնաժամի պահին» թեմայով: Նրա՝ 30 րոպեանոց ելույթի համար կոնֆերանսի օրակարգը խախտել են` ելույթներ են հետ ու առաջ գցել, անվտանգության աշխատակիցներ են ժամանել, արդյունքում բանախոսներից մի քանիսը հեռացել են դահլիճից՝ չցանկանալով նրա ելույթը լսել: Հեռացողներից է եղել նաեւ քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Փաշինյանը խոսել է խաղաղության, հարեւանների հետ բարեկամության, «իրական Հայաստանի» մասին: Մինչդեռ հայ գիտնականներն ակնկալել են, որ Փաշինյանն այդ հարթակը կօգտագործի՝ Բաքվում դատվող հայ ռազմագերիների, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման եւ ադրբեջանցիների վայրագությունների մասին խոսելու համար»։