Կիրակի առավոտից Դուբայում որոշ ծառայություններ ժամանակավորապես դադարեցվել էին, սակայն քաղաքը կաթվածահար չէր եղել, ՌԻԱ Նովոստիին ասել է քաղաքում բնակվող ճապոնացի գործարար և Դուբայի հետազոտական ինստիտուտի գործադիր տնօրեն Սոշի Կատոն։
«Երեկ Դուբայի ժամանակով կեսօրին լուրեր տարածվեցին Պարսից ծոցի երկրների, այդ թվում՝ ԱՄԷ-ի վրա Իրանի կողմից հրթիռային հարվածների մասին։ Դրանից հետո՝ երեկոյից մինչև գիշեր, բենզալցակայաններում և սուպերմարկետներում սովորականից ավելի շատ մարդիկ էին նկատվում», — ընդգծել է աղբյուրը։
Այնուամենայնիվ, նա հավելել է, որ իրավիճակը «չի նմանվում այն քաոսին», որը տեղի է ունենում Ճապոնիայում բնական աղետների ժամանակ, երբ ապրանքներն ամբողջությամբ անհետանում են դարակներից։
Կատոն նշել է, որ դպրոցներն ու բիզնեսները ձեռնարկում են իրենց սեփական արձագանքման միջոցառումները։
«Դուբայում առաքման ծառայությունները նույնպես դադարեցվել են։ Սակայն չի կարելի ասել, որ քաղաքի ողջ ենթակառուցվածքը լիովին կաթվածահար է. այսօր առավոտից քաղաքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարելի է տեսնել սովորականի պես», — հավելել է նա։ «Ալ Ջազիրան» նախկինում հաղորդել էր, որ Դուբայի միջազգային օդանավակայանի տերմինալը վնասվել է հրթիռային հարձակման հետևանքով։ Դուբայի կառավարության մամուլի ծառայության տվյալներով՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։
Շաբաթ օրը ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ հասցրին իրանական թիրախներին, այդ թվում՝ Թեհրանում: Հաղորդվել է վնասների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին:

















