Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին կայացել էր բանագնացների 5-րդ հանդիպումը։ Թուրք լրագրող, գրող Սերդար Քորուջուն իրադարձությունները ներկայացրել է Երևանից և Ermenihaber.am-ի թղթակից Անի Գալստյանի հետ զրույցում կիսվել իր դիտարկումներով։
– Ի՞նչ եք կարծում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր առաջընթաց կա՞, թե՞ սա հերթական սիմվոլիկ հանդիպումն էր։
– Այս հանդիպումը կարևոր էր։ Ի վերջո, սա 30 տարուց ավելի փակ պահվող սահման է և երկու երկրների բանագնացների հանդիպումը սահմանին ունի պատմական նշանակություն՝ ի տարբերություն նախորդների։ Բայց արդյունքները ցույց են տալիս, որ մենք դեռ գործի սկզբում ենք և պետք է ավելի շատ առաջընթաց գրանցենք։
– Դուք այժմ գտնվում եք Երևանում, հանրային ի՞նչ տրամադրություններ են տիրում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։
– Առաջին հերթին սա պետք է շեշտեմ։ Չնայած պատերազմից դուրս գալուն և Ղարաբաղը կորցնելուն՝ Հայաստանում, որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, ես որևէ դժվարության չեմ հանդիպել։ Սա միայն դիվանագիտական գործընթացների համար չեմ ասում։ Անցյալ տարի շատ հասկանալի պատճառներով մամուլի հավատարմագրում ստանալու համար ինձնից պահանջվեց 6 ամիս, սակայն այս տարի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շատ ավելի արագ տվեց հավատարմագրում։ Հասարակության մեջ էլ ոչ մի խնդրի չեմ հանդիպել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։