Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մարտի 9–11-ը Հայաստանի պատվիրակությունը` Շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, Կանադայի Մոնրեալ քաղաքում մասնակցում է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) քարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումներին, որոնք նվիրված են COP17-ի նախագահության առաջնահերթությունների ձևավորմանն ու նախապատրաստական աշխատանքներին։
Հայաստանի պատվիրակության կազմում են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, COP17-ի հատուկ բանակցող Մհեր Մարգարյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Շրջակա միջավայրի և Արտաքին գործերի նախարարություններից։
Եռօրյա հանդիպումների ընթացքում քննարկվելու են Հայատանում COP17-ի կազմակերպման և նախապատրաստական առանցքային ուղղությունները։ Մասնավորապես՝ նախատեսված է աշխատանքային հանդիպում, որի շրջանակում անդրադառնալու են գագաթաժողովի լոգիստիկ և կազմակերպչական հարցերին՝ ներառյալ միջոցառման կազմակերպումը, նիստերի տեխնիկական ապահովումը, լոգիստիկ գործընթացները, ինչպես նաև տեղեկատվության տարածման ապահովումը։
Այս քննարկումները կարևոր փուլ են COP17-ի արդյունավետ նախապատրաստման ճանապարհին և հնարավորություն են տալիս համադրել երկրի մոտեցումները միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու գագաթաժողովի բարձր մակարդակի կազմակերպումը։
Սա նաև կարևոր հարթակ է նոր գիտելիքներ և փորձ ձեռք բերելու, «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության և գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ համագործակցությունը խորացնելու, ինչպես նաև գագաթնաժողովի պաշտոնական նիստերին առավել արդյունավետ մասնակցություն ապահովելու համար։

















