Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նոր էր ընտրվել՝ իր պաշտոնական կայքում 12.05.2018-ին հրապարակեց մի հաղորդագրություն, թե հեռախոսազրույց է ունեցել հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ. «Հեռախոսազրույցի ընթացքում Դարոն Աճեմօղլուն նշել է, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Անվանի տնտեսագետն ընդունել է վարչապետի՝ Հայաստան այցելելու հրավերը: Դարոն Աճեմօղլուի այցի ժամկետները ճշտվելու են առաջիկայում»:
Մեկ օր անց՝ 13.05.2018-ին նույնաբովանդակ գրառում արեց վարչապետը նաեւ իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով. «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը»:
Սակայն Աճեօղլուն այդպես էլ չեկավ Հայաստան: Ավելին՝ պարզվեց, որ միտք էլ չի ունեցել գալ ու զարգացնել մեր երկրի տնտեսությունը, ինչպես ներկայացնում էր վարչապետը:
Tribune.am-ը սեպտեմբերի 25-ին գրավոր հարցում արեց կառավարությանը՝ պարզելու, թե ինչո՞ւ այդպես էլ Աճեմօղլուն չեկավ Հայաստան ու ինչո՞ւ այդպես վարվեց վարչապետի հրավերի հետ: Բանն այն է, որ ինքը՝ Դարոն Աճեմօղլուն օրերս Tribune.am-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը երբեք չի մտածել, թե կարող է գալ Հայաստան ու վերականգնել ՀՀ տնտեսությունը: Նա մասնավորապես այսպես էր բացատրել. «Ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ դա անել, ես դրսից մարդ եմ, չեմ հասկանում հայկական էկոնոմիկան մանրամասն»: Այսինքն, մարդը ի սկզբանե ՀՀ տնտեսությունը փրկելու, զարգացնելու որեւէ մտադրություն չի ունեցել, հետեւաբար խնդրեցինք կառավարությանը պարզաբանել, ինչո՞վ էր պայմանավորված այդ ապատեղեկատվությունը, որ Աճեմօղլուն ընդունել է հրավերը ու պատրաստվում է աջակցել: Կառավարությունից օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետի ավարտից հետո այդպես էլ չպատասխանեցին, իսկ ավելի ուշ՝ 09.10.24-ին ուղարկեցին գրություն, թե՝ «Հայտնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ձեր կողմից նշված հայտարարությունը եղել է հրապարակային, որին ավելացնելու ոչինչ չունենք»:
Կառավարությունն այդպես էլ չպատասխանեց, թե ինչո՞ւ է Փաշինյանը ստել Աճեմօղլուի հարցում, կամ, եթե չի ստել, ի՞նչ է իրականում կատարվել, որ Աճեմօղլուն չի եկել Հայաստան:
Հիշեցնենք, որ դա այն ժամանակաշրջանն էր, որ Փաշինյանը թալանը քյաբաբ առ քյաբաբ հետ բերելուց հետո՝ հանրությանը տնտեսական հեղափոխություն էր խոստանում ու ականջահաճո հայտարարություններով կերակրում էր ժողովրդին՝ պատերազմից առաջ: