Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը՝ վերացնել նախկին հոգևորական Արման Սարոյանի (Մասյացոտնի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, որով դատարանը եկեղեցուն պարտավորեցրել է մինչև դատական վերջնական ակտի հրապարակումը ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
«Նման հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է էական ոչ նյութական վնաս հասցնել հայցվորին՝ պայմանավորված վերջինիս ոչ նյութական բարիքներ համարվող՝ հոգևոր ծառայության մեջ լինելու, բարձր հեղինակավոր պաշտոն զբաղեցնելու հանգամանքներով և տվյալ պաշտոնում վարդապետություն իրականացնելու անհնարինության հետևանքով հոգեկան տառապանքի առաջացման անխուսափելիությամբ, որոնք ուղղակիորեն կապված են Հայոց Եկեղեցու դավանանքի, վարդապետության սկզբունքների, ավանդական կարգի, ինչպես նաև Եկեղեցու կանոնադրությամբ սահմանված՝ թեմակալ առաջնորդի՝ առանց պաշտոնավարման տևողության սահմանափակման նշանակվելու կանոնի հետ, ինչն էլ ենթադրում է հոգևոր ծառայության անընդհատություն»,- նշված է դատարանի որոշման մեջ։
Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից՝ փետրվարի 11-ից և ենթակա չէ բողոքարկման։
Այլ կերպ ասած՝ ըստ դատարանի այս որոշման՝ կարգալույծ հռչակված Արման Սարոյանը կշարունակի զբաղեցնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնը:
Միջնորդության ներկայացման ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի անդամ Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ վեճը ենթակա չէ դատարանում քննության, առկա չեն հայցի ապահովման միջոցներ կիրառելու հիմքերը, հայցի ապահովման միջոցը համաչափ չէ ներկայացված պահանջին, ապա դիմել դատավորին. «Պատմական շատ վտանգավոր նախադեպ եք ստեղծում։ Ուղիղ արգելված է, որ պետությունը՝ իր բոլոր իշխանության թևերով, վերահսկի եկեղեցու ներքին կյանքը։
Օրենքը ձեր առջև դուռ է փակում, որ մտնեք եկեղեցու ներքին կյանք։ Դուռը դուք եք բացել, այդ պանդորայի արկղը դուք եք բացել։ Դուք պատմական բան եք արել, վստահ եղեք՝ ապագայում ձեր արածը դառնալու է պատմական քննարկման առարկա, դուք պատմական սխալ եք թույլ տվել»։

















