Շուրջ մեկ տարի շարունակվող դատավարությունների ընթացքում, որոնց շրջանակում ընդհանուր առմամբ տեղի է ունեցել ավելի քան 150 դատական նիստ, պաշտպանական կողմը չի ներկայացրել որևէ կոնկրետ փաստ կամ ապացույց։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող դատավարություններին։
Նրա խոսքով՝ այդ դատավարությունների հիմնական նպատակը եղել է Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումը և ցուցադրական պատժի կիրառումը բոլոր այն հայերի նկատմամբ, ովքեր գործունեություն են իրականացրել ի նպաստ Արցախի։
Սահակյանը նշել է, որ նշված դատավարությունները բազմիցս արժանացել են միջազգային արձագանքի։ Այդ համատեքստում նա առանձնացրել է 2025 թվականի մարտին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որը, նրա գնահատմամբ, պարունակում էր համակողմանի և հստակ գնահատականներ Արցախյան հակամարտության վերաբերյալ՝ կիրառելով խիստ և դիպուկ ձևակերպումներ։
Ըստ Սահակյանի՝ բանաձևում հստակ արձանագրված են էթնիկ զտումների, ապօրինի դատավարությունների և անմարդկային վերաբերմունքի փաստերը, ինչպես նաև ներառված է գերիների ազատ արձակման կոչ, որը չպետք է ենթարկվի որևէ պայմանականության։
Նա հավելել է, որ ազատ արձակման կոչեր հնչեցվել են նաև մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային պաշտոնյաների կողմից։ Մասնավորապես, Սահակյանը կարևորել է Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում գործող մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հայտարարությունը, որով վերջինս Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անվերապահորեն ազատ արձակել պահվող անձանց։

















