«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն ամենաշատ գործուղումների մեկնող պաշտոնյաներից է: Հոկտեմբերն առավել հարմար է գործուղումների առումով, և Վահագն Խաչատուրյանը որոշել է Հայաստանում չանցկացնել: Նա աշխատանքային այցով հոկտեմբերի 7-ից մեկնել է Գերմանիա, մասնակցել Համբուրգի կայունության համաժողովին և իրականությունից կտրված մի շարք նիկոլական թեզեր է առաջ մղել՝ հայտարարելով. «Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն քաղաքացիական առաքելության տեղակայումը վճռորոշ դեր է խաղացել վերջին 2 տարվա ընթացքում սահմանային միջադեպերի թվի նվազեցման գործում»:
Մինչդեռ բոլորին պարզ է, որ այդ առաքելությունը նվազագույն դերակատարում է ունեցել, և միջադեպերը նվազել են, որովհետև իր վարչապետը սիրահոժար տալիս է այն, ինչ Ալիևն ուզում է, և բանակն էլ չի զինում, որ այս կողմից կրակոց չհնչի: Հոկտեմբերի 9-ին նա կվերադառնա և հաշված օրեր անց կրկին կմեկնի, այս անգամ՝ Ղազախստան, քառօրյա աշխատանքային այցով։ Պատվիրակության կազմում կլինեն նաև ՔՊ-ական պատգամավորներ: Այս նախագահական վոյաժները մեր պետության վրա շատ թանկ են նստում, քանի որ Վահագն Խաչատուրյանն արտերկիր մեկնելիս իր հետ 30-35 հոգանոց պատվիրակություն է տանում: Իսկ «դեկորատիվ» նախագահի վոյաժների արդյունավետությունը զրոյից բարձր չէ»։