Infocom.am-ը գրում է։ Նախորդ երեք տարիների ընթացքում կառավարությունը ավելի քան 200 ընկերությունների մաքսային արտոնություններ է շնորհել՝ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու համար։ Նույն ժամանակահատվածում այս ընկերությունների սեփականատերերը կամ նրանց փոխկապակցված անձինք միասին շուրջ 110 մլն դրամի նվիրատվություններ են կատարել ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (ՔՊ), այնպես էլ ՔՊ նախկին պատգամավոր Լենա Նազարյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամին։ Ովքե՞ր են այս գործարարները, մաքսատուրքի որքա՞ն արտոնություններ են ստացել և ինչքա՞ն գումար են նվիրաբերել։
Երկու խոշոր գործարար շրջանակների տրվել է ընդհանուր արտոնությունների 35.4%-ը
2015 թվականից սկսած՝ Կառավարությունը պարբերաբար խրախուսում է որոշակի ոլորտներում ներդրումներ կատարող ընկերություններին՝ նրանց ազատելով մաքսատուրքի վճարներից։ Այդ արտոնությունից օգտվելու համար գերակա ոլորտներ են սահմանվել գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, տրանսպորտը, տեխնոլոգիաները և կապը, զբոսաշրջությունը, էներգետիկան, առողջապահությունը և 2024-ից նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը։ Ընկերությունները կարող են դիմել արտոնություն ստանալու համար, եթե ներկրվող հումքը կամ այլ պարագաները նախատեսում են օգտագործել միայն Հայաստանում։
Կառավարությունը 2023-2025 թվականների ընթացքում 214 անգամ մաքսատուրքերից ազատման արտոնություն է տրամադրել 202 ընկերությունների։ Դիտարկված ժամանակահատվածում ընկերությունները կառավարությունից ստացել են ավելի քան 149 մլրդ դրամի չափով մաքսատուրքից ազատման արտոնություններ՝ 1 տրիլիոն 645 միլիարդ դրամի ներմուծված հումքի և սարքավորումների համար։
Արտոնություն ստացած մեծ թվով ընկերությունների սեփականատերերն են Հայաստանում հայտնի բիզնեսմեններ, նախկին պաշտոնյաներ, քաղաքական պաշտոն զբաղեցնող և վերջիններիս փոխկապակցված անձինք։
2023-2025 թվականներին ստացած արտոնությունների քանակով և գումարային չափով առաջատարներն են Սամվել Ալեքսանյանին և Կարեն և Միքայել Վարդանյան եղբայրներին պատկանող բիզնեսները՝ համապատասխանաբար 25.5 մլրդ դրամ և 27.2 մլրդ դրամի մաքսային արտոնություններով, ինչը 3 տարում տրամադրված բոլոր արտոնությունների 35.4%-ն է։
Սամվել Ալեքսանյանի որդուն՝ Գագիկ Ալեքսանյանին, պատկանող «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունը 2025-ի դեկտեմբերին կառավարությունից 23,8 մլրդ դրամի արտոնություն է ստացել՝ 31,1 մլրդ դրամի հումքի ներմուծման համար, որը նախատեսվում է օգտագործել շաքարի արտադրությունում։ Սա ամենախոշոր մաքսային արտոնությունն է, որ վերջին երեք տարում կառավարությունը որևէ ընկերության շնորհել է։ Ալեքսանյանը տարիներ ի վեր Հայաստանում շաքարի եթե ոչ միակ, ապա ամենախոշոր ներմուծողն է։ Ընդհանուր առմամբ, դիտարկվող ժամանակահատվածում Ալեքսանյաններին պատկանող 7 ընկերություն 8 անգամ ստացել է մաքսային արտոնություն։ Արտոնությունների չափը միասին կազմել է շուրջ 26 մլրդ դրամ` տրամադրված բոլոր արտոնությունների 17.15%-ը։ Հայտնի գործարարը արտոնություններ է ստացել ամենատարբեր ոլորտներում ներդումներ կատարելու համար, այդ թվում՝ վարդերի աճեցման, հագուստի, ծխախոտի, պարկերի, տոպրակների և մետաղական արկղերի արտադրության համար։ Այս ընկերություններից չորսը ընդգրկված են Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

















