Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված՝ մի շարք ավտոճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի։
Ամբողջությամբ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բուք եղանակի պատճառով փակ է նաև Գնդեվազ–Ջերմուկ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք), Սպիտակի և Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ և Սիսիան քաղաքներ տանող հատվածները, Նոյեմբերյան–Ջուջևան, Նորավան–Կապան ավտոճանապարհները, ինչպես նաև Երասխ–Զանգակատուն ճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Վանաձոր–Դիլիջան և Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։
Դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ստեփանավանի ոլորանները, Բերդ–Ճամբարակ ավտոճանապարհը, ինչպես նաև Մ-4 ավտոճանապարհից դեպի Հաղարծին և Պարզ լիճ տանող հատվածները։
Կոտայքի մարզի, Ապարանի, Արագածի (բուք), Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզում (բացի Մեղրի և Ագարակ քաղաքներից), ինչպես նաև Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու մարզերում, Եղվարդի, Աբովյանի, Անիի տարածաշրջաններում և Եղեգնաձոր ու Վայք քաղաքներում տեղում է ձյուն։ Սարավան–«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում դիտվում է բուք։
Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային անվտանգության կանոնները։
Ինչ վերաբերում է Լարսին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

















