ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հարգելի հայրենակիցներ!
Մի խումբ լրատվամիջոցներ Քնար Մանուկյանի նախաձեռնությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որով պահանջում են, որ ես ներողություն խնդրեմ Քնար Մանուկյանից՝ իրեն վիրավորելու համար։
Ւնձ ճանաչողները գիտեն, որ ես միշտ հասանելի եմ լրատվամիջոցների համար։
Ես անչափ կարևորում եմ լրագրողի աշխատանքը, բայց ավելի քստմնելի, զզվելի, սրիկայական պահվածք քան Քնար Մանուկյանինն էր «Ժողովուրդ» թերթի տաղավարում չեմ հանդիպել։
Մի կողմ թողնելով սեփական օջախում հյուրնկալության էլեմենտար կանոնների պահպանումը (գիտակցաբար աղավաղված, կեղծված փաստերով հարցադրիւմներ) պետք է նշեմ, որ նենգաբար, ստորաբար, լրագրողական էթիկայի խախտումով չի հրապարակում հարցազրույցի վերջնամասը՝ հատուկ խոստանալով, որ ամբողջականությունը չի խախտի։
Քնար Մանուկյանի հետ միջադեպի ժամանակ ասում եմ հետևյալը. «Էդ պարսկուհու գեղեցկությունդ չլիներ շատ ավելի խիստ կարտահայտվեի»։Սա էլ է աղավաղում»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին, Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հանդիպելով խորհրդարանում հավատարմագրված՝ «Ժողովուրդ» թերթի և Armlur.am կայքի թղթակից Քնար Մանուկյանին և դժգոհություն հայտնելով իր հետ վերջինիս հրապարակած հարցազրույցի առնչությամբ, վիրավորել է նրան։ Ըստ լրագրողի՝ պատգամավորը նրան անվանել է «սրիկա», «զզվելի» և ատելության խոսք արտահայտել՝ «պարսիկ, պարսկուհուց էլ վատն ես»:
Երեկ էլ Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից՝ հրապարակավ ներողություն խնդրել լրագրող Քնար Մանուկյանից և երաշխավորել, որ ապագայում թույլ չի տա անհարգալից վերաբերմունք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ։