Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում եղանակային պայմաններով պայմանավորված՝ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Նորավանի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Սպիտակի ոլորանները, Սպիտակ–Գյումրի և Դիլիջան–Վանաձոր ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ջերմուկի, Գորիսի, Քաջարանի տարածաշրջաններում, ինչպես նաև Սարավան–«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Գորիսի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մառախուղ։
Փրկարար ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

















