Էջմիածին քաղաքի Տերյան փողոցում ակտիվ շինարարություն է. սուբվենցիոն ծրագրով ճանապարհը հիմնանորոգվում է: Տեղ-տեղ ասֆալտն ամբողջությամբ քերվել է, և առաջիկա օրերին նոր ասֆալտ է արվելու, իսկ հին եզրաքարերը փոխարինվել են նորերով: Ճանապարհի վերանորոգման արժեքը մոտ 193 մլն դրամ է: Թվում է, թե արտառոց ոչինչ չկա, քաղաքը բարեկարգվում է։ Սակայն Տերյան փողոցի անմիջական հարևանությամբ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերության կողմից կառուցվող առանձնատներն են։ Այս մասին գրում է «Հետք»-ը:
Սուբվենցիոն ծրագրերով ճանապարհների վերանորոգումը մի քանի փուլ է անցնում, և երկար ժամանակ է պահանջվում շինարարությունը սկսելու համար:
Հիմնանորոգվում է նաև քաղաքի Խորենացու փողոցի 450 մետր հատվածը, որն ավարտվում է Տերյան փողոցով: Համայնքապետարանում գուցե պատճառաբանեն, թե ըստ առաջնահերթության է Տերյան փողոցն ընտրվել: Սակայն, հաշվի առնելով համայնքի ղեկավարի սկեսրոջ՝ վաճառքի նպատակով կառուցվող տների հանգամանքը, դժվար է պատահականություններին հավատալ, հատկապես, որ Տերյան փողոցի այդ հատվածը, այլ փողոցների համեմատ, այդքան էլ վատ վիճակում չէր:
Փոխարենը համայնքային իշխանությունները չեն շտապել հիմնանորոգել քաղաքի Չարենցի, Անդրանիկի, Թումանյան, Պատկանյան ու բազմաթիվ այլ փողոցներ՝ բավարարվելով միայն փոսալցմամբ, որը մեկ սեզոնից ավելի կյանք չի ունեցել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: