Հոկտեմբերի 26-ից 28-ը Հռոմում հանուն խաղաղության անցկացվող ավանդական միջազգային համաժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցեցին Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տեր Գարեգին Վրդ․ Համբարձումյանը։ Հրավիրված էր նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ Արք․ Մաշալյանը։
Կրոնների և մշակույթների երկխոսության այս հավաքը սկիզբ է առել է 1986 թվականին, երբ Ս․ Հովհաննես Պողոս II Պապի հրավերով առաջին անգամ Սուրբ Ֆրանկիսկոսի ծննդավայրում՝ իտալական Ասսիզի քաղաքում, միասնական աղոթքի հավաքվեցին տարբեր կրոնների առաջնորդներ ամբողջ աշխարհից։ Կաթոլիկ Եկեղեցու հովանավորությամբ գործող Սանտ Էջիդիո (Comunità di Sant’Egidio) կազմակերպությունը որոշեց շարունակել լեհ Քահանայապետի վեհ նախաձեռնությունը, վերածելով այն մի հրաշալի ավանդության։ Ինչպես երեկ եզրափակիչ արարողությանը հայտարարեց Սանտ Էջիդիո կազմակերպության ներկա նախագահ Պրոֆ․ Մարկո Իմպալյացցոն՝ մյուս տարվա հոբելյանական 40-րդ հավաքը կանցկացվի հենց Ասսիզիում։ Իսկ այս տարվա Հռոմի միջոցառումը անցավ «Խաղաղությանը հավակնել» խորագրի ներքո։
Հոկտեմբերի 26-ի հանդիսավոր բացմանը ներկաներին ողջունեց Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին, այնուհետև ելույթ ունեցան Սանտ Էջիդիոյի հիմնադիր, պրոֆեսոր Անդրեա Ռիկարդին, Իտալիայի նախագահ Սերժո Մատտարելլան, Նորին Մեծություն Բելգիայի Թագուհի Մաթիլդան, Եվրոպայի Ռաբինների ժողովի նախագահ Փինչաս Գոլդշմիդտը, Ալ-Ազհարի Գերագույն Իմամ շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբը և այլ նշանավոր անձինք։
Բացման արարողությանը հաջորդող երկու օրերի ընթացքում տարբեր կրոնների ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքականության, մշակույթի, տնտեսության և գիտության ոլորտների հայտնի գործիչները մասնակցեցին համաժողովի շրջանակում անցկացված 22 թեմատիկ ֆորումների։
Գերշ․ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը մասնակցեց «Չարին դիմագրավելը. մեր ժամանակների նահատակները» խորագրով ֆորումին՝ ներկայացնելով խորաթափանց անդրադարձ նահատակության իմաստին՝ հայկական քրիստոնեական ավանդույթի համատեքստում։
«Մեզ՝ հայերիս համար, — նշեց Սրբազանը, — նահատակն ոչ թե զոհ է, այլ վկա, որն իր կյանքը ընծայում է՝ հավատարիմ Աստծուն և մերձավորի հանդեպ սիրուց»։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ողբերգությանը՝ Սրբազանը շեշտեց, որ այն փորձ էր վերացնելու մի ամբողջ ժողովուրդ, նրա մշակույթը և Եկեղեցին։ Սակայն լույսը չմարեց։ Սրբազանը ընդգծեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Սուրբ Նահատակների սրբադասումը «ոչ թե քաղաքական գործողություն էր, այլ հավատի դրսևորում՝ հռչակում այն բանի, որ սերը մահից զորավոր է, որ ճշմարիտ հիշողությունը արդարության ձև է, և որ նահատակների արյունը կոչված է ոռոգելու խաղաղության ծառը, և ոչ թե վրեժխնդրությունը»։
Նա նաև անդրադարձավ ներկայում Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում քրիստոնյա համայնքների տառապանքները՝ հավելելով․
«Մենք հիշում ենք նաև եզդիներին, մուսուլմաններին, հրեաներին և բոլոր այն խոցելի փոքրամասնություններին, որոնց արժանապատվությունը ոտնահարվել է ֆանատիզմի և պատերազմի հետևանքով»։
Այնուհետև Սրբազանը անդրադարձավ վերջին տարիների արցախահայության ցավալի փորձություններին, որոնց հետևանքով մի ամբողջ ժողովուրդ տեղահանվեց իր նախնիների հողերից, վնասվեցին եկեղեցիներ, պղծվեցին գերեզմանոցներ, իսկ մշակութային ժառանգությունը դարձավ խոցելի։
«Եկեղեցին, — ասաց Սրբազանը, — շարունակում է աղոթել և գործել՝ հոգ տանելով տեղահանվածների մասին և պահպանելով այն հույսը, որ արդարությունը կարող է հաղթել առանց ատելության, իսկ հաշտությունը կայանալ առանց ժխտման»։
Իր ելույթում Սրբազանը մատնանշեց չարիքին դիմագրավելու վեց ուղի․ հիշել ճշմարտությամբ, վկայել միասին, օգտագործել աղոթքն ու ապաշխարությունը՝ որպես հավատքի գործիքներ, կոնկրետ կերպով ամոքել վերքերը, միավորել գթությունն ու արդարությունը և ձևավորել խաղաղության գիտակցությունը։
Նա բարձր գնահատեց Սանտ Էջիդիո համայնքի գործունեությունը՝ բնութագրելով այն որպես «խաղաղության համբերատար կառուցում՝ աղոթքի, աղքատների հետ բարեկամության և երբեք չհանձնվող երկխոսության միջոցով»։
Խոսքը եզրափակելով՝ Խաժակ Սրբազանը կոչ արեց ներկաներին միանալ համընդհանուր հանձնառությամբ՝
Հիշել ճշմարտությամբ և ձայնակցել ձայնազուրկներին։
Մերժել ատելությունը՝ նույնիսկ երբ այն թվում է արդարացված։
Պաշտպանել խոցելիներին՝ երեխաներին, տարեցներին, տեղահանվածներին և փոքրամասնություններին՝ անկախ շահերից և աշխարագրությունից։
Պաշտպանել հավատքի և խղճի ազատությունը բոլորի համար անխտիր։
Դարձնել եկեղեցիները, մզկիթներն ու սինագոգները ողորմության տներ և խաղաղության դպրոցներ։
Ամրապնդել իրավունքի գերակայությունը, որպեսզի բռնությունը սահմանափակվի, իսկ հաշտությունը գտնի իր իրական ուղին։
Սրբազանը խոսքն ավարտեց Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքով։
Հոկտեմբերի 28-ի ժամը 16։30-ին, տարբեր կրոնների ներկայացուցիչները միաժամանակ աղոթք բարձացրեցին հանուն խաղաղության։ Քրիստոնյաների միջեկեղեցական աղոթքը կատարվեց Պապ Լեոն XIV-ի նախագահությամբ Հռոմի գլխավոր խորհրդանիշներից մեկի՝ Կոլիզեումի մեջ։ Այլ կրոնների ներկայացուցիչները աղոթեցին Կոլիզեումին հարակից տարբեր վայրերում։ Մոտ կես ժամ անց բոլորը համախմբվեցին Կոլիզեումը հարևանությամբ բարձացող Կոստանդինոսի կամարի առջև պատրաստված հարթակում՝ մասնակցելու եզրափակիչ արարողությանը։ Նրա ավարտին հրչակվեց Խաղաղության կոչը, ապա տարբեր կրոնների ներկայացուցիչները վառեցին Խաղաղության մոմակալը որպես համերաշխության և հույսի նշան։ Այնուհետև կոչի օրինակները բաժանվեցին ներկաներին՝ որպես խաղաղության ուղերձի տարածման խորհրդանշական քայլ։

















