Արշակ Սրբազանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցին՝ որպես հազարամյակների պատմություն ունեցող հաստատություն, չի կարող կազմալուծվել առանձին անձանց գործողությունների հետևանքով՝ ընդգծելով նաև եկեղեցու դեմ ընթացող գործընթացների խորքում առկա աշխարհաքաղաքական գործոնները։
«Եկեղեցին 2,000 տարվա հաստատություն է, մեր ազգային ինքնության առանցքը։ Իմ խորին համոզումնք այն է, որ 2,000 տարի գոյատևելուց, ապրելուց, այս ազգի կյանքում էական դերակատարություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել, կազմալուծվել։
Որ որոշակի աշխարհաքաղաքական ասպեկտներ կան եկեղեցու դեմ իրականացվող այս գործողությունների խորքում, դա ակնհայտ է և այդ մասին բազմաթիվ փորձագետներ նշել են, բայց ո՞վ ասաց, որ նախընթաց դարաշրջաններում այդպիսի ասպեկտներ ևս չեն եղել եկեղեցու դեմ իրականացված հալածանքներում»,-նշեց նա:
Արշակ Սրբազանը նշեց, որ ցավում է այն հոգևորականների համար, որոնք չեն հասկացել, որ այս արշավը ոչ թե Կաթողիկոսի դեմ է, այլ եկեղեցու:
«Ափսոսում եմ, որովհետև ես իրենցից յուրաքանչյուրի հետ որոշ ճանապարհ եմ անցել, որոշակի շփում եմ ունեցել և իմ մղձավանջային երազներում անգամ ես չէի կարող պատկերացնել, որ իրենք կհայտնվեն այսպիսի իրավիճակում։ Ես համոզված եմ, որ իրենք էլ այդպիսի ապագա իրենց չէին կարող կանխագուշակել»,- հավելել է նա։
















