Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանի պաշտպանական ճառից հետո, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ պետք է հանրային պաշտպան Զոյա Սակովան ներկայացնի պաշտպանական ճառը:
Հրայր Թովմասյանը միջնորդություն ներկայացրեց՝ 5 րոպե ընդմիջում հայտարարվի, որպեսզի կարողանա ծանոթանալ՝ ինչ է ասելու հանրային պաշտպանը, ինչին ի պատասխան դատավորն ասաց՝ ընդմիջում չի հայտարարելու:
«Ես նորից պնդում եմ՝ հանրային պաշտպանի մասնակցությունը դատավարությանը պարտադիր չէ, պարտադիր է պաշտպանի ներկայությունը: Ես ունեմ երկու պաշտպան, իմ պաշտպաններն իրականացնում են իմ պաշտպանությունը: Էդ նույնն է, որ ես քայլում եմ, առողջ տղամարդ եմ, բայց ինձ ձեռնափայտ տան, ինչն ինձ խանգարելու է: Հիմա ինչի՞ համար եք դուք այս ամեն ինչն անում, վախենում եք, որ մի նիստին իմ 2 պաշտպանները չեն գա՞»,- ասաց Թովմասյանը:
Ապա դատավորը սանկցիա կիրառեց Հրայր Թովմասյանի նկատմամբ: «Դատարանը Ձեր նկատմամբ կիրառում է դատավարական սանկցիա՝ նկատողության ձևով, դատարանի նկատմամբ նման արտահայտություններ անելու՝ «վախենալ» եզրույթը նշելու համար»,-ասաց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը և ավելացրեց՝ ընդմիջում չի հայտարարվում:
Հրայր Թովմասյանը հարց բարձրացրեց. «Ինչի՞ մասին է այս ամեն ինչը, ես նստում եմ, լսեմ մի պաշտպանի ճառ, որին ընդհանրապես չգիտեմ, այդպիսի բան համաշխարհային պատմության մեջ կա՞: Եկել է մարդ, որ ինձ պաշտպանի բայց ես չգիտեմ էդ մարդուն, ես չգիտեմ՝ ի՞նչ է ասելու: 4.5 տարի է ինձ ասում եք՝ նստեք, շարունակենք, է նստել եմ շարունակում ենք, հիմա ի՞նչը շարունակենք: Եթե որոշել եք չընդիմջել, որոշել եք՝ ձեր որոշումը չփոխել, սա ուրիշ բան է»:
Ապա պաշտպան Արամ Օրբելյանը դատարանին միջնորդեց՝ 2-3 րոպեով դուրս գան պաշտպաններն ու Հրայր Թովմասյանը, քննարկում ունենան հանրային պաշտպանի հետ ու վերադառնան, ընդմիջում չհայտարարվի: Դատավորն այս տարբերակին կողմ արտահայտվեց: