Բազմաթիվ համայնքներում մենք սուբվենցիոն ծրագրերով փողոցներ ու մայթեր ենք հիմնանորոգում և վերականգնում: Այս մասին տելեգրամի իր ալիքում հրապարակած տեսանյութում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութին կից Փաշինյանը գրել է. «Եկեք մայթն ու փողոցը չխլենք ինքներս մեզնից»:
«Ես սովորություն ունեմ․ գնում եմ այդ տեղերը, փորձում եմ տեսնել՝ ինչ է կատարվում ու ինձ համար տարօրինակ կերպով արձանագրում եմ, որ շատ հաճախ մայթերն օգտագործում են որպես ավտոկանգառ։ Այսինքն՝ մայթերի վրա կանգնած են ավտոմեքենաներ, ինչը, իհարկե, խնդրահարույց է, որովհետև այդ մայթերը մենք վերականգնել ենք, որ հետիոտներն ունենան կանգնելու հնարավորություն: Երկրորդ երևույթն այն է, որ մարդիկ, առանց կաշկանդվելու, այս հիմնանորոգված մայթերի վրա բետոն են անում որևէ նպատակի համար։ Օրինակ՝ շինարարության մեջ օգտագործելու համար՝ հաշվի չառնելով, որ այդ ցեմենտ-ավազի շաղախն ասֆալտի վրա շերտ է թողնում, ու նախագիծը դրանով փչանում է»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը որպես հաջորդ խնդիր մատնանշեց այն հանգամանքը, որ մայթերը շատ հաճախ դարձվում են շինհրապարակ:
«Այնտեղ ավազ, քարեր կամ ինչ-որ շինարարական գործիքներ են թափում ու էլի դադարեցվում է հետիոտների շարժը: Այստեղ հարց է առաջանում՝ այդ տասնյակ, երբեմն միլիարդավոր գումարները ինչի՞ համար են ծախսվում, եթե չեն ծառայելու իրենց նպատակին: Հաջորդ երևույթն այն է, որ մարդիկ անկաշկանդ քանդում են նոր կառուցված ասֆալտը: Այս կապակցությամբ հանձնարարականներ եմ տվել պետական մարմիններին, ուղղակի կիսվում եմ հանրության հետ, քանի որ զգում եմ՝ կա հանրային իրազեկվածության կարիք: Փորձենք մի քիչ ուշադիր լինել ու չանել դա, ուրիշներին էլ բարեկաբար հորդորենք, որ նման բաներ տեղի չունենան, իսկ եթե տեղի են ունենում՝ դիմենք համապատասխան մարմիններին»,- ասաց Փաշինյանը։