ԵՄ դիտորդական առաքելության հարցը Հայաստանում դա ՀՀ և ԵՄ միջև քննարկվելիք հարց է. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը, ի պատասխան Բաքվի հայտարարությանը։
«ԵՄ դիտորդները տեղակայված են ՀՀ տարածքում և մոնիտորինգ են իրականացնում սահմանի հայաստանյան կողմից, ուստի հայասանյան կողմը պետք է որոշի երբ, ինչքան ժամկետով, ինչ անձնակազմով պետք է ներկա լինեն ԵՄ դիտորդները։ Երբ որ կնքվի Խաղաղության պայմանագիրը և ավարտվի սահմանազատման գործընթացը և լինի տարածաշրջանային խաղաղություն, գուցե տրամաբանական լինի, որ մոնիտորինգի անհրաժեշտություն չկա, բայց այս պահին նման հարց բնականաբար չի քննարկվում»,-ասաց նա։
Իսկ թե Խաղաղության պայմանագիրը ո՞ր հարթակում, կամ ո՞ւմ հովանու ներքո կարող է ստորագրվել, Խանդարյանը պատասխանեց, որ հարցը բաց է։ «Հնարավոր է և երկկողմ ինչ-որ ֆորմատով ստորագրվի, հնարավոր է որևէ երրորդ գործընկերոջ երկրում ստորագվի, որևէ տարբերակ բացառված չէ։ Մեզ համար առաջնահերթ է, որպեսզի ստորագրվի այն սկզբունքներով, որ մենք կարևորում ենք»,-ասաց նա։