Եվրամիությունը Հայաստանում կշարունակի դիտորդական առաքելությունն իր մանդատի հիման վրա, և այս պահին որևէ փոփոխության անհրաժեշտություն չկա: «Ազատությանն» այս մասին ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո սահմանին երրորդ ուժերի դուրսբերման հարց չի ծագել:
«Ինչպես ես գիտեմ՝ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները ողջունում են Եվրամիության առաքելությունը Հայաստանում: Այն շարունակում է իրականացնել իր գործունեությունը։ Եվ եթե որևէ փոփոխության անհրաժեշտություն լինի, մենք դա կքննարկենք մեր անդամ պետությունների և, իհարկե, Հայաստանի իշխանությունների հետ։ Բայց այս պահին ես ուզում եմ վստահեցնել հայ հասարակությանը, որ Եվրամիության առաքելությունը կշարունակի իրականացնել իր գործունեությունը իր մանդատի հիման վրա», – հայտարարեց ԵՄ դեսպանը:
Հարցին, թե որևէ քննարկում եղել է՞ Վաշինգտոնում համաձայնագրի նախաստորագրումից հետո, Մարագոսը պատասխանեց. – «Պետք է ընդգծեմ, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը այստեղ է գտնվում Հայաստանի իշխանությունների խնդրանքով, և այն կշարունակի մնալ այստեղ այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը լինի։ Այն խաղաղության և կարգավորման գործիք է։ Եվ մենք լիովին սատարում ենք դրան»։