Եվրամիությունը հանդես է եկել Վենեսուելայում ժողովրդավարության խաղաղ անցման օգտին՝ ընդգծելով, որ այդ գործընթացը պետք է իրականացնեն հենց վենեսուելացիները՝ երկրի ինքնիշխանության լիակատար հարգմամբ։
Այդ մասին հայտնում է DW-ն՝ ներկայացնելով Եվրամիության պաշտոնական դիրքորոշումն այդ հարցում:
Ըստ պարբերականի, հայտարարությունից հետևում է, որ Եվրամիության տեսանկյունից «Նիկոլաս Մադուրոն չունի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահի լեգիտիմությունը»: Միաժամանակ ԵՄ-ն հանդես է գալիս Վենեսուելայում ժողովրդավարության խաղաղ անցման օգտին, որը պետք է «իրականացնեն հենց վենեսուելացիները՝ հարգելով երկրի ինքնիշխանությունը»: ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ վենեսուելացի ժողովրդի կամքը հարգելը ներկայիս ճգնաժամի լուծման միակ ճանապարհն է:
Կալլասը նշել է, որ «միջազգային իրավունքի սկզբունքները պետք է հարգվեն բոլոր հանգամանքներում», և ընդգծել է, որ ԱՄՆ-ը հատուկ պատասխանատվություն է կրում այդ սկզբունքների պահպանման համար՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ:
Հայտարարության տեքստի համաձայն՝ Եվրամիությունն անհրաժեշտ է համարում պայքարել միջազգային կազմակերպված հանցավորության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, բայց միայն «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների լիակատար պահպանման դեպքում»։

















