Եվրամիությունը մտահոգված է Վրաստանի վարչապետի և «Վրացական երազանք»-ի այլ ներկայացուցիչների հայտարարություններով՝ կապված ընդդիմադիր կուսակցությունների արգելքի հետ։
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն Թբիլիսիին հիշեցրել է «ժողովրդավարության հիմնական սկզբունքները հարգելու անհրաժեշտության մասին, որոնց հիմնական տարրերից մեկը քաղաքական բազմակարծությունն է»։
«Ամուր և համախմբված ժողովրդավարական ինստիտուտներն ու գործընթացներն առանցքային են ԵՄ-ին անդամակցելու գործընթացում», – ասել է նա:
Պետեր Ստանոն շեշտել է, որ ԵՄ-ն ակնկալում է՝ այս հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրությունները կլինեն մրցակցային՝ միջազգային չափանիշներին համապատասխան և կարտացոլեն վրաց ժողովրդի կամքը։