«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը գրում է.
«Տարիներով բազմաթիվ պահերի եմ ականատես եղել, երբ Արայիկ Հարությունյանը ոչ թե ուժեղ դիրքերում էր, այլ հակառակը՝ կյանքի խաչմերուկներում կանգնած։ Եվ այդ իրավիճակներում նա միշտ ստացել է աջակցություն, հանգստություն, բարեկեցություն՝ ուրիշների շվաքի տակ։
Այդ պատճառով այսօր նրա մանիպուլյատիվ գրառումը ոչ թե զայրացնում է, այլ պարզապես հարց է ծնում․ մարդ որքան արագ կարող է մոռանալ այն ձեռքերը, որոնք իրեն կայունություն են տվել։
Հարությունյանի երեկվա «խիզախ» գրառումը քաղաքական գնահատական չէ։ Դա ինքնահաստատման անհաջող փորձ է՝ սեփական անգույն անցյալը փակելու համար։ Քամուց շարժվող համակարգի մարդիկ սովորաբար հենց այսպես են փորձում մեծ երևալ՝ բարձր ձայնով, բայց թույլ հիմնավորումներով։
Իսկ լայն պատկերը շատ պարզ է․ երբ պաշտոնական վերելքը չի կառուցվում արժանիքի վրա, այդպիսի մարդիկ ցանկացած պահի դառնում են մանիպուլյացիայի պարզ գործիք և քամուց կախված ցուցանակ։
Եվ մեկ բան ընդամենը պետք է արձանագրել․երախտամոռությունն ու սուտը երբ միանում են, արդյունքում ստացվում է ոչ թե քաղաքականություն, այլ փոքրոգիության ու մանրության աղմուկ»։
Ստորև ներկայացնում ենք նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի գրառումը.
«Ուրեմն, Ֆակտորի եթերում Robert Ananyan-ը մաստեր-կլաս արեց. տասը րոպեում Սերժ Սարգսյանի Արման Թաթոյանից, ում վերապահված է համապետական ընտրություններում Մարտուն Գրիգորյանի դերը, քարը քարին չթողեց:
Թաթոյանը հրաժարվեց ոչ լեգիտիմ նախագահ անվանել Սերժ Սարգսյանին:
Թաթոյանը չպատասխանեց հարցին, թե արդյոք ընտրությունների արդյունքում իր ձայները կտա Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, եթե դրա կարիքը լինի՝ փաստացի չմերժելով նման հնարավորությունը:
Անկեղծ ասած՝ այսքան արագ «վախճան» չէի սպասում:
Հ.Գ. Էն Մարտունը գոնե ընտրություններից հետո բացահայտվեց՝ փաթեթով իր ընտրողներին հանձնելով Վարդանիկին, Սերժ Սարգսյանի Թաթոյանը՝ ընտրություններից վեց ամիս առաջ»:

















