Ինչպես արդեն «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ այսօր «ուրախ ավտոբուսով» այցելել է Շիրակի մարզ՝ լինելով Մարալիկում, Արթիկում և Գյումրիում։
Մարալիկում և Արթիկում վարչապետի այցն անցել է ոչ այնքան հանգիստ մթնոլորտում․ քաղաքացիների հետ վիճաբանություն է առաջացել։ Նրանք վարչապետին հիշեցրել են նրա նախկին հայտարարությունները, ինչպես նաև հարցեր են ուղղել կապված Արցախի և եկեղեցու դեմ նրա ձեռնարկած արշավի վերաբերյալ։
Իսկ Գյումրիում Փաշինյանի թիմը համեմատաբար կարճ է հանգրվանել, Փաշինյանը հանդիպել է մի երիտասարդական երաժշտական խմբի հետ։ Տպավորություն է ստեղծվել, որ հանդիպումը նախապես պայմանավորված էր, վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել նրանց հետ։ Նշենք, որ վարչապետի այցը հիմնականում ներկայացվում էր նրա ֆեյսբուքյան ուղիղ եթերով, սակայն որոշ դրվագներ այդ եթերներում չեն երևացել։ Մասնավորապես՝ չի ցուցադրվել այն պահը, թե ինչպես է Փաշինյանը իր թիմակիցների հետ մտել Յոթ Վերք եկեղեցի, ու ինչպես «Հրապարակ»-ին պատմեցին, եկեղեցի մտնելու պահին այնտեղ գտնվող հավատացյալների մի մասը անմիջապես դուրս է եկել եկեղեցուց։ Ավելին՝ ինչպես նշում են նրանք, մոմը անձամբ վարչապետը չի գնել․ այն գնել է նրա թիկնապահներից մեկը և փոխանցել Փաշինյանին։ Վերջինս մոմ է վառել և մոտ երկու րոպե անց արագ հեռացել եկեղեցուց։Այնուհետև Փաշինյանը Գյումրիում հանդիպման մասնակիցների հետ մոտ կես ժամից ավելի ժամանակ է անցկացրել Ռիժկովի փողոցի հատվածում գտնվող սրճարաններից մեկում։ Տեղացիների խոսքով՝ սրճարանը պատկանում է Շվեյցարիայից վերադարձած հայ գործարարի։

















