Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 11–ի նիստում որոշեց լրացուցիչ 400 մլն դրամ հատկացնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի իրականացման համար։
Խոսքը մարզերում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի մասին է։
2025 թվականի համար Ծրագրերի տարեկան ճշտված բյուջեն կազմում է 2,1 մլրդ դրամ, որն ըստ եռամսյակների բաշխվել է համամասնորեն։ Այս տարվա հոկտեմբերի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 2537 շահառու, որոնց վճարվել է շուրջ 2 մլրդ 71 մլն դրամ, որից 495-ը մարզում հիփոթեքի աջակցության ծրագրով (520,261,599 դրամ), 507-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (18,022,747 դրամ), 1535-ը՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրով (1,532,723,993 դրամ)։
Այս ցուցանիշները պայմանավորված են Ծրագրերի շրջանակում դիմումների թվի աննախադեպ աճով, այդ թվում՝ 3-րդ և հաջորդ երեխա ունեցողների թվով, որի դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 2 մլն դրամ։
Նախագծով առաջարկվում է Ծրագրերի շրջանակներում 2025 թվականի չորրորդ եռամսյակում դիմած/դիմող շուրջ 614 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 400 մլն դրամ։
Վերոնշյալ 400 մլն դրամը նախատեսվում է հատկացնել «1068. Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի «12004. Դրամական աջակցություն ընտանիքում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին» միջոցառման ֆինանսական միջոցների վերաբաշխման հաշվին՝ հիմք ընդունելով այդ միջոցառման գծով տվյալ ժամանակահատվածի փաստացի ցուցանիշները։
«1068. Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի «12004. Դրամական աջակցություն ընտանիքում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին միջոցառման պակասեցվող միջոցները հանգեցնում են արդյունքային ցուցանիշների փոփոխության՝ տարեկան ծրագրայինը նվազեցնել 667-ով:

















