Զվարթնոց օդանավակայան այցելած ուղեւորները չվացուցակում տեսել ու մեզ ահազանգել են, որ այսօր ժամը 17–ին Երեւանից Բաքու չվերթ է իրականացվում։ Օդանավակայանի կայքում այդ չվերթը չկա, իսկ օդանավակայանում այն փակցված է։ Թե ովքեր են թռչում Բաքու ու ի՞նչ նպատակով՝ անհայտ է։ Քանի որ չվացուցակում նախորդ թռիչքը իրականացրել է «FlyOne Armenia»-ն, ուղեւորները դա կապել են այդ ավիաընկերության հետ։
Tribune.am-ի հետ զրույցում ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հերքեց տեղեկությունը․ «FlyOne Armenia»-ն, չունի դեպի Բաքու չվերթ, անհեթեթ բաներ են, զավեշտ է, էլի․․․Ի՞նչ Բաքու, Մարս, ցավդ տանեմ, Մա՛րս»։
Ավելի ուշ պարզեցինք, որ Բաքու թռիչք կա՛, պարզապես այն «FlyOne»–ը չի իրականացնում։ Օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը հաստատեց․ «Միջազգային կազմակեպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է դա»։ Հարցին՝ դա աննախադե՞պ չվերթ է, թե՞ էլի են նման թռիչքներ իրականացվել Երեւանից, նա պատասխանեց․ «Նախկինում դեպի Բաքու եւ հակառակ ուղղությամբ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից պատվիրված չարտերային չվերթներ իրականացվել են»։ Հարցին՝ ուղեւորներին օդանավակայանում պարզաբանել ենն, որ ՆԱՏՕ–ականներ են մեկնում, այդպե՞ս է՝ Լուսինե Մողրովյանը պատասխանեց․ «Չգիտեմ ով է այդ տեղեկությունը տրամադրել, բայց այն, ինչ ասացի, այլ տեղեկություն դրանից ավելի տեղեկություն չեմ կարող տրամադրել»:
Տեսանյութն՝ այստեղ
Հեղինակ՝ Հռիփսիմե Ջեբեջյան