Եթե Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, նրանք անկեղծորեն մտահոգվում են, թե մեր Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ապա այդ կասկածները փարատելու ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, ոչ թե՝ չստորագրումը: Այս մասին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին՝ Ադրբեջանը պնդում է իր նախապայմանները խաղաղության համաձայանագիրը ստորագրելու համար և հայտարարում է, որ կան բանակցություններ, ի՞նչ հարցեր են քննարկվում՝ հենց այդ նախապայմաննե՞րը, դրանցից հրաժարավո՞ւմը, թե՞ դրանց կատարումը:
Ըստ նախարարի՝ այս հարցերը շատ լայնորեն հրապարակավ քննարկվում են, Ադրբեջանը նշում է պայմաններ, որոնց կատարումը, ըստ ադրբեջանական կողմի, պիտի դյուրացնի խաղաղության պայմանագրի կնքումը:
«Պայմանների մի խումբը, օրինակ, Մինսկի կառույցների օրակարգը մեզ համար քննարկելի է: Մեր մոտեցումն է՝ եթե չկա կոնֆլիկտ, իսկ կոնֆլիկտ չլինելը մենք հասկանում ենք ինստիտուցիոնալիզացված կերպով՝ որն է ստորագրված, վավերացված կամ շատ ավելի պատկերացնելի, շոշափելի խաղաղություն, ապա չկա նաև կոնֆլիկտով զբաղվող, դրա մանդատն ունեցող կառույցների անհրաժեշտություն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մյուս նախապայմանին՝ ՀՀ Սահմանադրությանը, ապա Միրզոյանն ասաց, որ այս օրակարգը մեզ համար ընդունելի չէ:
«Այս օրակարգը մեզ համար ընդունելի չէ, բայց ուզում եմ առիթն օգտագործել և բացատրել՝ եթե դիցուք Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, անկեղծորեն Ադրբեջանը մտահոգված է, թե Հայաստանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ Արդբեջանի նկատմամբ, այս դեպքում այդ մտահոգությունները փարատելու ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, ոչ թե՝ չստորագրումը:
Այս պայմանագրի ստորագրումից հետո մեր օրենսդրության պահանջների համաձայն պետք է անցնի վավերացման գործընթաց: Առաջին հերթին պետք է դիմենք Սահմանադրական դատարան, որն աշխարհում գոյություն ունեցող միակ մարմինն է, որն իրավասություն ունի մեկնաբանելու մեր Սահմանադրությունը: Հիմա պատկերացրեք իրավիճակ երբ մենք ստորագրում ենք պայմանագիրը և հարցնում ենք Սահմանադրական դատարանի կարծիքը և ՍԴ-ն ասում է՝ սա համապատասխանում է Սահմանադրությանը, սրանով հարցը փարատվում է»,- ասաց նախարարը: