Ասում ենք՝ չունենք Ադրբեջանի հետ տարածքային պահանջներ, բայց մեր Սահմանադրության մեջ գրած է՝ ունենք, հիմի չպիտի՞ Սահմանադրությունը բերենք այն տեքստին, որ համապատասխանի իրականությանը: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
Մելքոնյանը նշել է, որ իրենք դեռ 2018 թվականից են ուզել սահմանադրական փոփոխություններ անել, սակայն 2018-ից հետո եկավ պատերազմ, հետո մեր սահմաններ մտնելը, էսկալացիա ու տարբեր բաներ տեղի ունեցան, այդ ընթացքում էլ էր հանձնաժողովն աշխատում Սահմանադրությունը փոխելու համար:
Ինչը, ըստ նրա, վկայում է այն մասին, որ դա Ալիևի պահանջով չէ:
Դիտարկմանը՝ երբեք Փաշինյանը չի ասել, որ Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը պետք է հանել, դա եղել է Ալիևի պահանջից հետո, Մելքոնյանն ասաց. «Եթե մենք պետության հետ պայմանավորվում ենք, որ տարածքային պահանջներ չունենք, բայց մեր Սահմանադրությամբ ունենք տարածքային պահանջներ, ինչպե՞ս եք նայում այդ հարցին: Ասում ենք՝ չկան այդպիսի պահանջներ, բայց Սահմանադրության մեջ նշված է, որ իրոք կան այդ պահանջները, հիմի չպիտի՞ Սահմանսդրությունը բերենք այն տեքստի, որ համապատասխանի իրականությանը: Պե՞տք է անենք, թե՝ չանենք դա»: