Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցի ընթացքում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով, որ նման գործընթացներն օրենքով կարող են իրականացվել միայն հատուցման եղանակով։
«Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու», – ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանում երբևէ՝ անգամ ամենասուր քաղաքական հայտարարությունների պարագայում, հարց չի դրվել այն մասին, որ փոխհատուցում չի տրամադրվի․ «Որևէ անգամ, անգամ քաղաքական սուր հայտարարությունների պարագայում խոսք չի գնացել այն մասին, որ հատուցում չի տրվելու»։
Գործարար Սամվել Կարապետյանը Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) ղեկավարում է 2015-ից՝ երբ նրա հիմնադրած «Տաշիր գրուպ»-ը ձեռք բերեց ընկերությունը ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ից։
Նախարարն ընդգծել է, որ ներդրումային վեճի բովանդակությունը հանգում է այն հարցին, թե արդյոք պետությունը կարող է վնաս պատճառել սեփականատերերին։ Սակայն, ըստ նրա, պետության նպատակը վնաս պատճառելը չէ։
«Պետությունը վնաս պատճառելու ցանկություն չունի, պետությունը հակառակի ցանկությունն ունի։ Եթե պետությունը խոսում է այն մասին, որ ուզում է վնասները նվազեցնել, ռիսկերը կառավարել, հնարավոր կոլապսը կանխարգելել, սաբոտաժը կանխարգելել, միտում չի կարող լինել վնաս պատճառելու սեփականատիրոջը»,- ասել է Գալյանը։
Նախարարի խոսքով՝ ՀԷՑ-ի գործով Հայաստանի դեմ «հրատապ արբիտրաժում» Սամվել Կարապետյանի օգտին կայացված որոշումը պարտադիր կատարման ենթակա չէ, եթե այն հակասի հանրային կարգին։
«Արբիտրաժի կողմից կայացված որոշումները, այո՛, կատարման ենթակա են։ Սա հիմնական կարգավորումն է, որը պետք է գործի։ Բայց կա նաև Նյու Յորքի կոնվենցիան, որին միացած է Հայաստանի Հանրապետությունը, որը տարբերակում է հրատապ ռեժիմով՝ որպես հայցի ապահովման միջոց կայացված արբիտրաժային որոշումները՝ գործը, ըստ էության, լուծող արբիտրաժային որոշումներից»,- նշել է նա։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։