Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ բանաձևը։
Քննարկման ժամանակ ելույթ ունեցած բոլոր պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների վարած ճնշումների, բռնությունների քաղաքականությունը, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումն ու օրենքի գերակայության բացակայությունը։ Եվրախորհրդարանականներն ամոթալի են համարել COP29 համաժողովը Բաքվում անցկացնելը և ընդգծել՝ բնապահպանական խնդիրների պաշտպանությունը չի կարող տեղի ունենալ մարդու իրավունքների ոտնահարման պայմաններում։
Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը, որոշ պատգամավորներ կոչ են արել բոյկոտել Բաքվում կայանալիք COP29 համաժողովը, հնչել են նաև ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելուն ուղղված քայլեր ձեռնարկելու, Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց տներ վերադառնալու իրավունքն ապահովելու կոչեր։
Պատգամավորները դատապարտել են նաև ադրբեջանական ռեժիմի կողմից ադրբեջանցի ակտիվիստների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները՝ իշխանություններին կոչ անելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ստրասբուրգում քննարկումը մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Նիկոլա Շմիթի ելույթով։ Հանձնակատարի խոսքով՝մի քանի շաբաթից տեղի ունենալիք COP29 համաժողովն Ադրբեջանի իշխանությունների համար լավ հնարավորություն է ցույց տալու իրենց հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին։ «COP29-ը նաև պատմական հնարավորություն է խաղաղության համար: Ադրբեջանն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել տասնամյակների հակամարտությունը հաղթահարելուն։ Համաժողովը պատմական շանս կլինի Ադրբեջանի և Հայաստանի համար աշխարհին ցույց տալու իրենց հավատարմությունը խաղաղությանը»,-ասել է հանձնակատարը և հավելել, որ Ադրբեջանը կանգնած է կարևոր ընտրությունների առջև՝ ինչպես երկրում մարդու իրավունքների իրավիճակի, այնպես էլ իր հարևանի հետ խաղաղ գործընթացի առնչությամբ։
Շմիթի խոսքով՝ ԵՄ-ն պետք է բաց պահի իր հաղորդակցության ուղիները և օգտագործի դրանք տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։
ԵԺԿ խմբակցության անունից ելույթ ունեցող եվրախորհրդարանական Ֆրանսուա Գզավիյե Բելյամին իր ելույթում նշել է, որ բոլոր այն ադրբեջանցիների կողքին են, որոնք բռնաճշնումների են ենթարկվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ «Պարոն Ալիև, եթե այդքան հավատում եք Ձեր սեփական ուժերին, ինչո՞ւ եք փորձում լռեցնել Ձեզ մարտահրավեր նետող ձայները: Եթե այդքան հավատում եք Ձեր լեգիտիմությանը, ինչո՞ւ եք բռնություն գործադրում»,-նշել է Բելյամին՝ շեշտելով, որ ժամանակն է, որ Եվրոպան վերջապես դուրս գա իր անգիտակից վիճակից։
«COP29-ը հնարավորություն չէ: COP 29-ը սկանդալ է, խայտառակություն, որը կփչացնի շրջակա միջավայրի պաշտպանության պարտավորությունների պատմությունը մի երկրում, որտեղից մենք գազ ենք գնում, ինչը կրկին մեր հավաքական վախկոտության հետևանքն է։ Այսօր ժամանակն է դատապարտել գազային համաձայնագիրը, որը կապում է Եվրահանձնաժողովին Ադրբեջանի հետ, անհրաժեշտ պատժամիջոցներ կիրառել պարոն Ալիևի և նրա ռեժիմի դեմ և վերջապես ասել, որ ժողովրդավարությունը Եվրոպայի բաբախող սիրտն է: Հայ ժողովրդի կողքին ենք, ովքեր պայքարում են հանուն ազատության, հանուն խաղաղության, հանուն անվտանգության Կովկասի տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»,-ասել է ֆրանսիացի եվրախորհրդարանականը։
Սոցիալ-դեմոկրատների խմբակցության անունից հանդես եկող եվրախորհրդարանական Յանիս Մատիատիսն իր ելույթում շեշտել է՝ միջազգային հանրությունն ու ԵՄ-ն պետք է խստորեն դատապարտեն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառեն այդ երկրի դեմ։
Պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության (ECR) անունից հանդես եկող Շերբան Ստուրզան խստորեն դատապարտել է Ադրբեջանում հիմնարար ազատությունների և փոքրամասնությունների իրավունքների խախտումները և ցավալի համարել, որ Ադրբեջանն ավելի ու ավելի է հեռանում ժողովրդավարական և մարդու իրավունքների հարգման միջազգային չափանիշներից։ Իր ելույթում եվրախորհրդարանականը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին, հատկապես Ադրբեջանի բազմակի ագրեսիայի հետևանքով իրենց տները լքած Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120 հազար հայերին։ «Ես դիմում եմ ԵՄ-ին և միջազգային հանրությանը երաշխավորել, որ Ադրբեջանը պահպանի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունը։ Այս հակամարտությունը պահանջում է լուծում՝ հիմնված հավասարակշռության և մարդու իրավունքների հարգման վրա՝ ապահովելու տարածաշրջանի և Եվրամիության հարևանության կայունությունը»,-նշել է Ստուրզան։
«Պատրիոտներ հանուն Եվրոպայի» խմբակցության անունից ելույթ ունեցող Ջորդան Բարդելան անդրադարձել է այն փաստին, որ Ադրբեջանը Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում փորձում է ապակայունացման ռազմավարություն իրականացնել և դա որակել է որպես հարձակում Ֆրանսիայի ինքնիշխանության և քաղաքացիական խաղաղության դեմ։ Ըստ ֆրանսիացի պատգամավորի՝ Ֆրանսիան թիրախավորվում է, քանի որ օժանդակում է Հայաստանին և մի շարք այլ քրիստոնյա պետությունների։ «Ադրբեջանական ռեժիմը, որը հարստացել է գազի համար Եվրոպայի կողմից իրեն վճարվող գումարներով և սուլթան Էրդողանի աջակցությամբ, ուժեղացնում է իր ռազմական գործողությունները՝ Կովկասում Հայաստանին թուլության և մեկուսացման մեջ պահելու համար։ Այս իրողությունն այլևս չի կարելի միտումնավոր թաքցնել վախկոտությամբ կամ անտեսելով Էրդողանի և նրա դաշնակիցների էքսպանսիոնիստական նկրտումները», – հայտարարել է Բարդելան՝ ընդգծելով, որ հայերի արյունն ավելի թանկ է, քան գազը։
Գերմանիայից եվրախորհրդարանական Միքայել Բլոսն Ադրբեջանը կոչել է ֆոսիլային ավտոկրատիա, ֆրանսիացի Մարի Տուսանը հիշեցրել է, որ ադրբեջանական վարչակարգը փորձում է լռեցնել իրենց, բայց իրենք չեն լռելու, քանի որ բնապահպանության խնդիրները մարդու իրավունքների ոտնահարման պայմաններում երբեք չեն լուծվի։
Եվրախորհրդարանականներն Ադրբեջանի հետ Եվրոպական հանձնաժողովի գազային պայմանագիրը համարում են բարոյական մեծ սխալ և կոչ անում վայրկյան առաջ դադարեցնել այն։ Պատգամավորներից շատերն էլ կոչ արեցին բոյկոտել COP29-ը՝ հիշեցնելով, որ հուսալի գործընկերը ոչ միայն տնտեսական շահերի համար է, այլև պետք է նույն արժեհամակարգի կրողն ու կիսողը լինի։
ԵԽ իտալացի պատգամավորը հիշեցրել է մեկ տարի առաջ ԼՂ հայերի էթնիկ զտումները և այն հանգամանքը, որ ԵՄ-ի արձագանքը դրան եղել է շատ երկչոտ։ Պատգամավորն անընդունելի է համարել, որ գազի մատակարարումներն Ադրբեջանից դեպի Եվրոպա շարունակվում են՝ հարստացնելով մի երկրի, որը բացարձակապես արհամարհում է օրենքի գերակայությունը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։