Եվրամիության ընդհանուր հարցերով խորհրդի նիստում այսօր կքննարկվի «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին աջակցելու հնարավորությունը, հայտնում է Չեխիայի եվրոպական հարցերով նախարար Մարտին Դվորժակը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Չեխիայի արտգործնախարարը նախօրեին Եվրամիության արտգործնախարարների հավաքի ժամանակ էր բարձրացրել լրատվամիջոցին աջակցելու հարցը և նախաձեռնել հայտարարության նախագիծ, որում նշվում էր Եվրամիության կողմից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին աջակցելու հնարավորության մասին։
Մարտին Դվորժակը տեղեկացրել է, որ երկուշաբթի երեկոյի դրությամբ Եվրամիության ևս 7 երկրներ են աջակցել այս նախաձեռնությանը՝ Ավստրիան, Գերմանիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Բելգիան։
Շաբաթ առավոտյան հայտնի դարձավ, որ նախօրեին նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել 7 դաշնային գործակալությունները կրճատելու մասին, 7-ի թվում նաև գլոբալ լրատվամիջոցների գործակալությունն է, որը վերահսկում է «Ազատություն» ռադիոկայան և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։